Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկ տոննա հերոինի պատմությունը, կարծես, դեռ չի մոռացվել: Դժվար թե շուտ մոռացվի: Մամուլում այդ թեմայով բազմաթիվ հրապարակումներ եղան, ավելին` ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը եւս շաղկապվում է հերոինի պատմության հետ: Չտրվելով գայթակղությանը` այս նուրբ թեմայի վերաբերյալ որեւէ վարկած հորինել, փորձեցինք այս ընթացքում զուտ փաստեր ներկայացնել` ենթադրությունը թողնելով ընթերցողին:
Այսպես` օրեր առաջ` հունվարի 20-ին, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին` խնդրելով հնարավորության դեպքում մեզ վիճակագրական տվյալներ տրամադրել Հայաստանի անկախացումից ի վեր գրանցված` առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առգրավման դեպքերի, առգրավված թմրամիջոցների ծավալի, բացահայտման վայրի, ամսաթվի վերաբերյալ: Ուշադրություն դարձրեք, որ խոսքն ընդամենը առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առգրավման դեպքերի մասին է:
Հարցումն ուղարկելուց հետո էլ հեռախոսով զրուցեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետի հետ, նա էլ խոստացավ հնարավորինս շուտ արձագանքել մեր հարցմանը: Տասն օր շարունակ ոստիկանությունից ոչ մի ձայն: Այս անգամ մեզ «փորձեց օգնել» ՀԿԼ վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը: Կարճ ասած, չնայած մեր գրավոր հարցմանը, հարցերը փորձում էին լուծել բանավոր, խորհուրդ էին տալիս կապվել այս կամ այն բաժնի հետ, եւ սա այն դեպքում, երբ պարզ հայերենով մեր պահանջը ներկայացված էր:
Վերջում ոստիկանության լրատվականը գտավ հարցի պատասխանը. զավեշտալի է, բայց այդքանից հետո մեզ խորհուրդ տվեցին նայել ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան տեղեկությունները: Բայց անգամ կայքում մեզ հետաքրքրող վիճակագրական տվյալները չկային: Տեղեկատվություն չտրամադրելը բացատրվում էր դրանց ծավալի մեծությամբ: Զավեշտալի է նաեւ, որ ոստիկանության լրատվականի պետը, ի պատասխան մեզ, հայտարարում է, թե ինքն էլ կարող է մեզ գրավոր հարցում ուղարկել ու,«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, մեզնից պահանջել` իրեն տրամադրել 1991 թվականից մինչ օրս ոստիկանության մասին մեր բոլոր հրապարակումները:
Հատուկ Ահարոնյանի համար հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է.` «Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա»: Նույն օրենքի 3-րդ հոդվածն էլ պարզաբանում է, թե ինչ է նշանակում «հանրային նշանակության կազմակերպություն»: Ըստ այդմ` «հանրային նշանակության կազմակերպություն` ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ»:
Ինչեւիցե, ոստիկանությունը մեր հարցմանը վերջապես պատասխանեց, բայց միայն սույն թվականի փետրվարի 1-ին` իր պատասխանում, մասնավորապես, նշելով. «Ձեր հարցմանն ի պատասխան` տրամադրվում են ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վիճակի վերաբերյալ վերջին 16 տարիների վիճակագրական և համեմատական ամփոփ տեղեկությունները` 1998-ից մինչև 2013 թվականը ներառյալ (կցվում են word ձևաչափով): Ինչ վերաբերում է 1991 թվականից մինչ օրս բացահայտված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուն, ապա դա, մեծ ծավալների առումով, տեխնիկապես հնարավոր չէ: Բացահայտված դեպքերի վերաբերյալ նման տեղեկատվության, 2010-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, կարող եք ծանոթանալ ՀՀ ոստիկանության ինտերնետային հին (http://old.police.am) և նոր (www.police.am) կայքէջերում, ինչպես և Youtube-ի` ՀՀ ոստիկանության էջում զետեղված հաղորդումներում և տեսանյութերում (http://www.youtube.com/user/Vostikanutyun): Ձեր այն հարցին, թե որտեղից կարելի է ստանալ միջազգային վիճակագրական տեղեկություններ թմրամիջոցների և հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ, պատասխանում ենք, որ միջազգային ամենահեղինակավոր էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրը Ձեր նշած www.unodc.org կայքն է, որն ունի նաև ռուսերեն տարբերակ: Հայտնում ենք նաև, որ տվյալ ոլորտի համապատասխան փորձագետի կամ մասնագետի հետ հարցազրույց ներկայումս, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, հնարավոր չէ, և առաջիկա հնարավորության դեպքում Ձեզ լրացուցիչ տեղյակ կպահենք»:
Այս պատասխանին կից նաեւ որոշ նյութեր կային, որտեղ մեզ հետաքրքրող տեղեկատվությունը չկար: Այսինքն`դատելով պատասխանից, ոչ թե ոստիկանությունը նման տեղեկատվության չի տիրապետում, այլ ուղղակի «մեծ ծավալների առումով» տեխնիկապես հնարավոր չի համարում… Այս առումով Աշոտ Ահարոնյանի մատնանշած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքնի 5-րդ հոդվածը սահմանում է. «Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Այսինքն` մեր խնդրած տեղեկատվությունը ոչ թե նոր պետք է դասակարգվեր ու տրամադրվեր տեղեկատվություն հայցողին, այլ արդեն իսկ պետք է դասակարգված լիներ, խմբավորված եւ այլն:
Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում են նաեւ գրավոր հարցմանը տրվող պատասխանների ժամկետները, ըստ որի` «1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում. 2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում. 3) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:
Ուշադրություն դարձրեք` մեր հարցումն ուղարկել ենք սույն թվականի հունվարի 20-ին, հինգերորդ աշխատանքային օրը հունվարի 29-ն էր, քանի որ այդ միջակայքում ընկած էին 4 ոչ աշխատանքային օրեր: Բայց մեր հարցման պատասխանը ստացել ենք օրենքի խախտումով` փետրվարի 1-ին, հարցումն ուղարկելուց հետո 8-րդ աշխատանքային օրը միայն, այն էլ` պահանջված տեղեկատվության միայն մի չնչին մասը: Սա էլ է տարբերակ, եթե տեղեկատվություն տնօրինողը մյուս մասը չունի: Բայց հիշեցնենք` ոստիկանությունը չի ասում, թե չունի նման տվյալներ, այլ, մատնանշելով մեծ ծավալները, տեխնիկապես անհնար է համարում դրա տրամադրումը: Փոխարենը ուղարկում է մի շարք փաստաթղթեր, որտեղ մեր պահանջած տեղեկատվությունը գտնել հնարավոր չէ, չկա:
Օրենքը 5-օրյա ժամկետ է սահմանում անգամ այդ դեպքում. երբ անհրաժեշտ բոլոր հիմքերը լինեին` մեր պահանջած տեղեկատվության տրամադրումը մերժելու համար, այդ դեպքում եւս 5-օրյա ժամկետում մեզ պետք է գրավոր մերժեին: Այս պատմությունն առավել քան տարօրինակ է, դժվարանում ենք հասկանալ` ոստիկանության լրատվականն իրո՞ք չի ուզում գործ անել, թե՞ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առգրավման դեպքերն այնքա~ն շատ են, որ ինֆոգրաֆիկա կազմելուց հետո կսարսափենք:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ
Ստորև ներկայացնում ենք նաև մեր կողմից ոստիկանության ՀԿԼՎ-ին ուղարկված հարցման եւ նրանցից ստացված պատասխանի պատճենները.