Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Շիրակի մարզի Ամասիա և Արփի համայնքններում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, համայնքների ղեկավարները և բնակիչները:
Ողջունելով ներկաներին` Վաչե Տերտերյանը կարևորել է խոշորացված համայնքներում նման կենտրոնների բացումը և շնորհակալություն հայտնել նախարարության գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների շրջանակում կատարվող աջակցության համար. «Տեղական ինքնակառավարման մարմինների հասանելիությունը քաղաքացիների համար համար շատ կարևոր է և այդ խնդիրը մենք լուծում ենք բազմաթիվ համայնքներում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներով, ինչպես նաև այսօրինակ կենտրոնների շահագործմամբ»:
Գրասենյակները հիմնադրվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն իր խոսքում ընդծել է քաղաքացիների «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով սպասարկումը, նշել, որ գրասենյակների բացումը Ամասիա և Արփի խոշորացված համայնքներում ևս մեկ անգամ փաստում են այն կարևորությունը, որ ՀՀ կառավարությունը տալիս է համայնքների հզորացմանը:
ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:
Հիշեցնենք, որ 2015թ-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են տասներկու գրասենյակներ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա և Արփի համայնքներում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն