կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 15:06
Քաղաքական

Համայնքներն ինչո՞ւ չեն վճարում, չե՞ն ուզո՞մ, թե՞ չկա այդ հնարավորությունը. Հովիկ Աբրահամյան

Համայնքներն ինչո՞ւ չեն վճարում, չե՞ն ուզո՞մ, թե՞ չկա այդ հնարավորությունը. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում՝ փոփոխություն կատարել «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով համաֆինանսավորման պարտավորությունների կատարման համար գումար հատկացնելու մասին» որոշման մեջ:

Հայաստանի համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից հատկացված փոխատվությունները համայնքները ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարողանում ժամանակին վերադարձնել: Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված 249 միլիոն 300 հազար դրամ գումարը դեռ չի մարվել: Նշված որոշմամբ` գումարների մարման ժամկետը սահմանվել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու մարման ժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե քանի՞ անգամ է կառավարությունը ժամկետ երկարաձգել: Նախարարը պատասխանեց` մեկ անգամ:

«Ես կարծում եմ, որ պետք է խորքային քննարկել հարցը, որ հասկանանք` եթե համայնքնորը չեն կարողանում վերադարձնել գումարը, ապա խնդիր է առաջանում վարկային կազմակերպությունների ու միջազգային կառույցների հետ: Դրա համար հարկավոր է շահագրգիռ կողմերի հետ քննարկել այդ հարցը ու մի լուրջ մոտեցում որդեգրել: Թե չէ՝ ամեն տարի մենք երկարաձգում ենք, բայց ո\'չ տոկոսներն են մարվում, ո\'չ էլ՝ մայր գումարը: Եվ այստեղ անարդարություն էլ կա. եթե երկու համայնք վճարել է, մյուսներին որ զիջենք, այդպես ո՞նց կլինի: Ինչո՞ւ չեն վճարում, չե՞ն ուզում, թե՞ չկա այդ հնարավորությունը: Հիմա կերկարաձգենք, բայց պետք է լուծում գտնել»,- ասաց վարչապետը:

Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ մոտավորապես 5 միլիոն դոլարի աշխատանքներ այս տարի չեն սկսվել, քանի որ համաֆինանսավորում չի իրականացվել: Համայնքները, ծրագրերի մեծ քանակի հետ կապված, հնարավորություն չունեն այդ միջոցները իրականացնելու:

Հովիկ Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ նախարարը պետք է մարզպետերի հետ այդ հարցը քննարկի, և եթե տվյալ համայնքում կարևոր հարցի հետ կապված պետք է համաֆինանսավորում իրականացվի, ուրեմն կառավարությունը բեռը պետք է վերցնի իր վրա, ոչ թե ծրագիրը սկսեն, բայց համայնքները չկարողանան վճարել՝ առաջացնելով խնդիրներ: