Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ arfd.am
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը…:
Եւ իրաւամբ, հայութեան մօտ այնքան փայփայւող ու չարչրկւած միասնականութիւնը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթէ, տւեալ դէպքում Հայաստան-Սփիւռքի միջեւ չգոյանայ ու չկայանայ փոխադարձ վստահութիւնը: Միասնականութիւնը, սակայն, ինքնանպատակ արժէք չէ եւ որ դա էլ պէտք է ձեւաւորւի, իրականանայ՝ յանուն մէկ այլ գերնպատակի՝ հայոց անկախ պետականութեան կայացման ու հզօրացման:
Եւ ինչ խօսք՝ կայացած-հզօրացած պետութիւնն է երաշխիքը՝ բոլոր կարգի հիմնախնդիրների լուծման, որոնք նորովի դիմագրաւում է 21-րդ դար թեւակոխած ու ցայժմ 26-ամեայ անկախ պետականութեան փորձ ունեցող հայութիւնը եւ Հայաստանը:
Մէկ խօսքով՝ հայապահպանում, սոցիալական արդարութիւն, ազգային թէ՛ պետական անվտանգութիւն, Արցախեան հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծում, հայոց պահանջատիրութիւն ու այս ամէնն ընդգրկող՝ Հայ Դատի ու հայոց ազգային գաղափարախօսութեան յաղթական աւարտը անմիջականօրէն պայմանաւորւած է Հայաշխարհի միջնաբերդ հզօր Հայաստանով ու նրա լիարժէքօրէն կայացած պետականութեամբ…:
….Ահաւասիկ 6-րդ համաժողովում առանցքային օրակարգեր հանդիսացող՝
-Հայաստանի զարգացման հիմնախնդիրները,
-ՀՀ պաշտպանական քաղաքականութեան առանձնայատկութիւնները ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում,
-Արտաքին քաղաքականութեան օրակարգ, եւ
-Հայապահպանութեան հիմնախնդիրներ
ուղղութիւններն ու առնչակից բոլոր ենթաօրակարգերը լայն քննարկումների արդիւնքում պատշաճօրէն ուրւագծելու են վերոգրեալ գաղափարների արդիական բանաձեւումները, որոնք էլ պէտք է կեանքի կոչւեն համապատասխան մեխանիզմների որդեգրմամբ:
Իսկ այդ փուլը թեւակոխելու եւ այսպէս ասած՝ գաղափարներն ու խօսքերը կենսագործելու նպատակով 6-րդ համաժողովում կիրառւելու է՝ «Համազգային խորհուրդ» մարմնի ձեւաւորման նախնական քայլը, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն միասնականութեանը բովանդակութիւն հաղորդելու յուսադրիչ եւ մօտակայ ձեռքբերում, յանուն միեւնոյն Հայաստանի ու հայութեան իրատեսական ու համապարփակ հզօրացման: