կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 13:57
Հասարակություն

«Հորիզոն-2020». մինչև 50 000 եվրո` գիտական գաղափարները կյանքի կոչելու համար

«Հորիզոն-2020». մինչև 50 000 եվրո` գիտական գաղափարները կյանքի կոչելու համար

Հայաստանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա Հայաստանի համար կարևոր իրադարձություն է, քանի որ մեզ համար կրթությունն ու գիտությունը կարևորություն ունեցող ոլորտներ են:

«Դարերով մեր փոքրիկ երկիրը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, և այդ քաղաքակրթությունների բախումից շատ բան ենք կորցրել, ենթարկվել ցեղասպանության, բայց նաև շատ բան ենք շահել: Անկախության ձեռք բերումից հետո մի շարք ոլորտներում երկխոսությունների համար լայն հնարավորություն ստեղծվեց, կրթության և գիտության ոլորտում` նույնպես, և մեր` «Հորիզոն-2020»-ին անդամակցելն այդ քայլերից մեկն է»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ «Հորիզոն-2020»-ի ծրագրերի իրականացումը շարունակվելու է մինչև 2020թ. և ընդգրկում է 3 գերակա ուղղություն` գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն և հասարակական մարտահրավերներ: «ՀՀ պետական գիտական կազմակերպություններից և բուհերից 30-ը կարող են մասնակցել «Հորիզոն-2020»-ի շրջանակներում անցկացվող թեմատիկ մրցույթներին և շահել դրամաշնորհներ: Ծրագրերին մասնակցելը շատ կարևոր է մեր գիտնականների համար, քանի որ այն կնպաստի մեր` եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրմանը: Ծրագրերին մասնակցության և այլ հարցերի պատասխանները մեր մասնակիցներին ապահովելու համար առաջիկայում մենք Հայաստանում գրասենյակ կբացենք»,- հայտնեց նախարարը:

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի համոզմամբ` յուրաքանչյուր երկրում տնտեսության զարգացմանը կարող են նպաստել որակյալ աշխատուժն ու որակյալ գիտնականները, դրա համար էլ «Հորիզոն-2020»-ի շրջանակներում քննարկվում են այնպիսի խնդիրներ, թե ինչ պետք է անել, որ ուղեղների արտահոսքը կանխվի: «Մենք պետք է օգտվենք գիտական այն ներուժից, որն արդեն կա` նպաստելով դրա զարգացմանն ու լավ պայմաններ ստեղծելով գիտնականների համար: Գիտության ասպարեզում, այո, սահմաններ չպետք է լինեն, բայց ուղեղների արտահոսքը կանխել է պետք, միայն այդ կերպ կկարողանանք ամուր հեռանկարներ ունենալ գիտության ոլորտում»,- ասաց նա:

ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշն էլ նշեց, որ, անդամակցելով «Հորիզոն-2020»-ին, Հայաստանի համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում` մասնակցելու իրենց ծրագրերին, ու մի շարք նախագծեր կիրականացվեն` ստանալով որոշակի դրամաշնորհներ:

«Ինչպես մենք ենք ձեզ պետք, այնպես էլ դուք եք մեզ պետք, քանի որ գիտությունը համագործակցություն է, և մենք հավատում ենք բաց գիտությանն ու հաղորդակցությանը և, առհասարակ, այն ամենին, ինչը բաց է: Առանց համագործակցության և բաց սահմանների, գիտության մեջ առաջընթաց չի լինի, քանի որ, միասին աշխատելով, ավելի արդյունավետ ելակետ կունենանք»,- ասաց Մոեդաշը:

Նա տեղեկացրեց նաև, որ երկխոսությունների արդյունքում Հայաստանում` գիտության և կրթության ոլորտում, նոր ծրագիր կյանքի կոչելու որոշում են կայացրել: Ծրագիրը կկոչվի «Եվրամիությունը` հանուն նորարարության», որի միջոցով կփորձեն նորարարությունների իրականացման համար ֆինանսավորման հարցերը լուծել:

ԵՄ հանձնակատաը նշեց նաև, որ «Հորիզոն-2020»-ին մասնակցելու համար կարող են դիմել անհատներ, համալսարաններ, ձեռնարկատերեր: «Մենք ունենք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որը գնահատում է ստացված արդյունքները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել մեր կայքէջ, 10 էջանոց փաստաթուղթ լրացնել` ներկայացնելով գաղափարներ, մտքեր, և եթե դրանք հանձնաժողովին դուր գան, մինչև 50 հազար եվրոյի ներդրում կստանաք` դրանք կյանքի կոչելու համար»,- ասաց նա:

Նշենք, որ ԵՄ նախորդ ծրագրային շրջանում /2007-2013թթ./ Արևելյան գործընկերության երկրները մասնակցել են 427 նախագծի, որոնց իրականացման համար ԵՄ-ն տրամադրել է շուրջ 45 մլն եվրո: ՀՀ-ն նույնպես անդամակցել է «Հորիզոն-2020»-ին`  Արևելյան գործընկերության երկրների շարքում: