Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու մասին առաջարկն իրատեսական է համարում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ընդդիմությունը ևս մեծ պատասխանատվություն է կրում հասարակության բնականոն կենսագործունեությունն ապահովելու հարցում:
«Ընդդիմությանը հարկավոր է տալ պատասխանատու դերակատարում: Մասնավորապես` նրան վերապահել որոշակի վերահսկողական ֆունկցիաներ: Ես խորապես համոզված եմ, որ սա լավ ճանապարհ է»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ փոքրամասնությանը հարկավոր է վերապահել պատասխանատու քաղաքական գործառույթներ: «Այնպես որ` ես պաշտպանում եմ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը, եթե Նիկոլ Փաշինյանը հենց սրա մասին է խոսում»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե իշխանությունները վերջին շրջանում սկսել են պաշտպանել և գովել ընդդիմության` հատկապես փաշինյանական թևին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ պաշտպանում, ես ասացի իմ գաղափարը, եթե Փաշինյանի գաղափարը համընկնում է իմ գաղափարին, ապա ես կպաշտպանեմ»:
Մյուս դիտարկմանը, թե վերջին միտումները ցույց են տալիս, որ իշխանությունները գովերգում են Փաշինյանին ու Փոստանջյանին և նրանց «դրական» ընդդիմադիր ֆոնին քննադատում մյուս ընդդիմադիր ուժերին, հատկապես՝ ՀԱԿ-ին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի քննադատելու համար որևէ մեկի աջակցության կարիքը չունի:
«Այլ հարց է, որ զարգացման ինչ-որ փուլում կարող է պատահել մոտեցումների համընկնում: Օրինակ՝ ՀԱԿ-ի նկատմամբ վերաբերմունքը։ Ինձ համար էլ շատ անսպասելի էր, որ ՀԱԿ-ի վերաբերյալ Փաշինյանը բավական կոշտ դիրքորոշում սկսեց դրսևորել։ Հիմա դա պետք է նրան հարցնել՝ ինչո՞վ է դա պայմանավորված։ Կարելի է ենթադրություններ անել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Միգուցե Տեր-Պետրոսյանը հենց նրան նկատի ուներ, երբ ասում էր եկել է ընդդիմափոխության ժամանակը, միգուցե նրան նկատի ուներ, երբ ասում էր՝ ես հիմա դաշտը թողնում եմ երկու ամսով, եկեք` լրացրեք, եթե դուք ընդդիմադիր եք, դուք եկեք հանրահավաքներ արեք։ Սակայն մեր խնդիրը հիմա համակարգերի բացակայությունն է: Եթե մենք մտահոգված ենք, ապա պետք է մտահոգված լինենք մի բանում՝ ինչպես անենք, որ իրական համակարգ ձևավորենք»: