Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ հիմա Լապշինն ասում է Իսրայելում, սա է նրա իսկական պատկերացումը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան:
«Այն մեկնաբանությունները, որ մենք տվել էինք, 100 տոկոսով համընկնում է իրականությանը: Այսպես կոչված` Ալիևին ուղղված նամակը Լապշինն ինքը չի գրել»,- ասաց նա, ապա հավելեց, որ Ադրբեջանի նախագահականում կան այդպիսի` տարբեր բովանդակության սարքված նամակներ, որոնց տակ, ըստ նրա, տարբեր մարդիկ իրենց ստորագրությունն են դնումլ` կամավոր կամ ոչ կամավոր:
Բաբայանը նաև կարծիք հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ նամակը Լապշինը չի ստորագրել: «Կարող են սարքել` իբրև նա է ստորագրել. ամեն ստորության կարող է գնալ Ադրբեջանը: Սա միանշանակ է»,- նշեց նա, ապա հավելեց. «Նույն Ալիևը կամ նրանց ցանկացած ղեկավար, եթե գերի ընկնի Լապշինի նման, խոշտանգեն, կամավոր, այլ ոչ թե պարտադրանքով հազար այնպիսի նամակներ կստորագրի, որ նույնիսկ հնարավոր էլ չէ պատկերացնել»:
Բաբայանն ընդգծեց, որ այն, ինչ հիմա Լապշինն ասում է Իսրայելում, նրա իսկական պատկերացումներն են կատարվածի մասին: «Լապշինը ծառայել է իսրայելական բանակում, իսկ այնտեղ գոյություն ունի այսպիսի կանոն` եթե գերի ես ընկնում ես և քո կյանքին վտանգ է սպառնում, ինչ պետք է` ասա, միայն թե փրկվես: Սա ճիշտ մոտեցում է, մենք էլ պետք է այդ գաղափարները որդեգրենք, որովհետև ամենակարևորը տվյալ դեպքում մարդու կյանքն է»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի` երբ Լապշինը խոսում է այդ ամենի մասին, դա նշանակում է, որ Ադրբեջանը Հոլոքոստի քաղաքականությունն է շարունակում:
Ինչ վերաբերում է Լապշինի հայտարարությանը, որ դիմելու է միջազգային դատարան, Բաբայանն ասաց. «Լապշինը պետք է դիմի, որովհետև այդ տանջանքները, որ նրա նկատմամբ կիրառել են, չպետք է մնան անպատիժ: Եվրոպական դատարանը և մյուս կլառույցները պետք է իմանան` ում հետ գործ ունեն: Սա ֆաշիզմ է, ուրիշ ոչ մի բան: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի բռնապետերը, ֆաշիստները պատասխան տան»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահից ներում ստանալուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինն իբր անմիջապես նամակ է գրել Իլհամ Ալիևին: «Այժմ ես ստացել եմ անվիճելի ապացույցներ` Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը: Հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշված է եղել նամակում:
Երեկ բլոգերը հերքել է, որ նման նամակ է գրել և ասել. «Ամենաքիչ հետաքրքրվածությամբ եմ կարդում իմ «մեղայականը», ինչը բացահայտ կեղծիք է»: