Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում տեղի ունեցած անտառային հրդեհների եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։
- Պարո'ն Մանուկյան, շուրջ երեք ամիս է` ստանձնել եք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը։ Ձեր պաշտոնավարման այս ժամանակահատվածում ի՞նչ առաջնային անելիքներ եք նախանշել, որո՞նք են հիմնական խնդիրները։
- Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այս ոլորտում խնդիրներ կան։ Սկզբնական փուլում ինձ համար շատ կարևոր էր ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ խնդիրները։ Ավելի շատ ուսումնասիրությունների, գնահատման փուլ էր դա: Ակնհայտ խնդիրներ են ապօրինի անտառահատումների դեպքերը, որոնց դեմ նախկինում էլ պայքար տարվել է, այժմ էլ տարվում է, բայց այս պահի դրությամբ դեռ ցանկալի արդյունքի չենք հասել. ամեն ինչ միանգամից հնարավոր չէ շտկել։ Հաճախակի ստուգումներ ենք անցկացնում: Վերջերս էլ ոստիկանության հետ համատեղ միջոցառում ենք ձեռնարկել՝ Լոռու և Տավուշի մարզերի ճանապարհահատվածներն են ավելի վերահսկելի դարձել, որպեսզի փայտ տեղափոխող մեքենաների փաստաթղթային ստուգումներն ավելի արդյունավետ կատարվեն, և իրավիճակը վերահսկելի լինի։ Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ վերահսկողությունն այս մասով խստացվել է. բոլոր ուժային և այն կառույցները, որոնք առնչվում են անտառի հետ, աշխատանքային ակտիվ փուլում են՝ թե' օրենսդրական փոփոխությունների, թե' կիսատ մնացած հարցերի կանոնակարգման հետ կապված։
- Այս տարի հանրապետության ամբողջ տարածքում գրանցվեց հրդեհների աննախադեպ քանակ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ էր նախատեսել և ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել հրդեհաշիջման աշխատանքներին:
- Կանխարգելիչ միջոցառումներ միշտ էլ կատարվել են, մինչև հրդեհներն էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր անտառտնտեսությունների տնօրենների հետ խորհրդակցություններ ենք անցկացրել, հրամաններ ենք իջեցրել՝ լինել զգոն, պատրաստ արտակարգ իրավիճակների, առավել հրդեհավտանգ անտառային տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ միջոցառումներ ենք իրականացրել` կազմակերպվել են վերահսկվող հրդեհներ, անտառամերձ տարածքների հանքայնացում, որպեսզի անտառամերձ համայնքներում սկսված հրդեհները չմոտենան անտառին։ Նշեմ նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ հրդեհներ են բռնկվել ոչ անտառային, օրինակ՝ համայնքային տարածքներում, սակայն «Հայանտառ»-ի աշխատակիցների զգոնության շնորհիվ դրանք արագ մարվել են, և կանխվել է դրանց մուտքն անտառային տարածք։ Բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել, բայց արտակարգ իրավիճակը մնում է արտակարգ իրավիճակ, հրդեհն էլ մնում է հրդեհ, ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ:
- Պարո'ն Մանուկյան, ի՞նչ ասել է վերահսկվող հրդեհ:
- Դրանք կազմակերպվում են նպաստավոր՝ ոչ քամոտ եղանակային պայմաններում։ ԱԻՆ-ն իր համապատասխան տեխնիկայով լինում է ընտրված վայրում, որն առավել հրդեհավտանգ է, կազմակերպվում է հրդեհ, այրվում է խոտային շերտ, որպեսզի հետո, եթե անգամ հրդեհ սկսվի մոտակա տարածքներում, արդեն այրված տարածքը թույլ չտա, որ հրդեհը մտնի անտառ։ Ճիշտ ժամանակին հրդեհը մարվում է՝ ջրով կամ այլ միջոցներով։ Հանքայնացման շերտ ստեղծելու պարագայում էլ համապատասխան տեխնիկայով հողը փորվում է, բայց, բնականաբար, դա չի կարող արվել հանրապետության բոլոր անտառային տարածքներում, դա հսկայական ֆինանսական և տարբեր ռեսուրսներ է պահանջում։ Նման աշխատանքներ արվում են առավել հրդեհավտանգ վայրերում։
- Չնայած Ձեր մատնանշած գործողություններին` մեծ տարածվածություն ունեցող հրդեհներ եղան Արտավանի և Բյուրականի մերձակա անտառներում, Խոսրովի պետական արգելոցում:
- Այո, իսկապես մեծ անտառային շերտ է վնասվել, հրդեհները եղել են լայնամասշտաբ, բայց սա չի նշանակում, որ այդ տարածքներում անտառն իսպառ վերացել է: Եթե խոսեմ Արտավանի և Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհների մասին, պետք է ասեմ հետևյալը՝ Բյուրականի պարագայում կարող եմ վստահ ասել, որ անտառային հատվածի մոտ 80 տոկոսը վերականգնվող է: Առավել խնդրահարույց են այրված սոճենիները, այդ ծառատեսակներն են առավել շատ վնասվել: Իսկ ինչ վերաբերում է կաղնիներին, ասեմ, որ դրանց 10-15 տոկոսն է վնասվել, մեծ մասը կվերականգնվի: Մեր աշխատակիցների հետ շրջել ենք անտառում, տեղում իրավիճակին ծանոթացել, և նախնական պատկերը հենց այդպիսին է։ Արտավանում պատկերն այլ է, այնտեղ այրված գիհիները վերականգնելը դժվար է, այս ծառատեսակը դժվար է վերականգնվում կամ էլ, առհասարակ, հնարավոր չէ վերականգնել, բայց, այդուհանդերձ, մի մասը, թեկուզ` քիչ քանակով, կվերականգնվի:
Կցանկանայի ընդգծել, որ մենք առաջիկայում ծրագրում ենք նոր անտառային տարածքներ հիմնել, խնամք իրականացնել, ծառատունկ կազմակերպել։ Տնկանյութերի վերաբերյալ էլ ասեմ՝ պետք է դրանց քանակն ավելացնենք, տնկարանները հզորացնենք, որպեսզի հնարավոր լինի հրդեհից վնաս կրած տարածքները վերականգնել, ինչպես նաև այլ հատվածներում անտառային տարածքներ հիմնել։
Ճիշտ է՝ հրդեհները մեծ վնաս հասցրեցին մեր անտառային տարածքներին, բայց այդ վնասներն այդքան չեն, որքան կարող են հասցնել բենզասղոցն ու ապօրինի հատումները:
- Պարո'ն Մանուկյան, եւս մեկ ՝ թեմային չառնչվող հարց. մամուլում եղան հրապարակումներ, որ Ձեր՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակումից ի վեր ՊՈԱԿ-ի աշխատակազմն ակտիվորեն համալրում եք դաշնակցականներով: Լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
- Գալով «Հայանտառ»՝ ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Թափուր աշխատատեղեր եղել են, որոնք լրացվել են համապատասխան կադրերով, այդ թվում` նաև դաշնակցականներով։ Բայց ես վստահեցնում եմ, որ այս պարագայում կուսակցական պատկանելությունը չունի և չի էլ կարող որևէ դեր ունենալ: Ես դրանով չեմ առաջնորդվել, փոխարենը առաջնորդվում եմ տվյալ մարդու՝ գործին օգտակար լինելու կարողություններով:
Զրուցեց Մելանյա Մելքումյանը