կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-14 11:32
Տարածաշրջան

Ազգանվեր ծառայության, հանձնառության և արիության վկայական՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին

Ազգանվեր ծառայության, հանձնառության և արիության վկայական՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին

Աղբյուրը՝ «Գանձասար»

Ուրբաթ, 8 Սեպտեմբեր 2017-ին, Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Իշխանութիւնը ողջերթի երեկոյ մը կազմակերպեց՝ ի պատիւ ՀՀ Հալէպի գլխաւոր Տիգրան Գէորգեանին: Երեկոյին հիւպատոսին եւ փոխհիւպատոս Յարութ Հայրապետեանին կողքին ներկայ էին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Գրիգոր Տունկեան, Ազգ. Վարչութեան, Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ՍՕԽ-ի Շրջ. վարչութեանց ներկայացուցիչներն ու հալէպահայ լրատուամիջոցներու պատասխանատուները:

Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Գրիգոր Տունկեան խօսք առնելով շեշտեց, որ Սուրիոյ ու մանաւանդ Հալէպի տագնապալի տարիներուն ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոսութիւնը միակն էր որ շարունակեց իր գործունէութիւնը. մեծարգոյ հիւպատոսը մնաց հալէպահայութեան կողքին ու ծառայեց անոր՝ կրելով միեւնոյն դժուարութիւններն ու ապրելով պատերազմական միեւնոյն տագնապը:

ՍՕԽ-ի Շրջ. Վարչութեան ատենապետուհի Հռիփ Կանանեան շնորհակալութիւն յայտնելով հիւպատոսին իր մատուցած ծառայութիւններուն համար, դիտել տուաւ որ հիւպատոսարանը հայրենի հող դարձած էր մեզի համար, իսկ հիւպատոսը, շատ մը դժուար պարագաներու, ամէն ջանք ի գործ դրած՝ օգտակար դառնալու միութեան:

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդը գլխաւոր հիւպատոսին ուղղելով իր խօսքը ըսաւ. «Դուք ձեր աշխատանքով իւրայատուկ դրոշմ մը դրիք ոչ միայն հալէպահայ համայնքի, այլեւ հայութեան պատմութեան էջերուն վրայ»:

ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոսը նախապէս Բերիոյ Թեմին կողմէ պարգեւատրուած էր «Բերիոյ Թեմի Ծառայութեան Շքանշան»ով: Սրբազան հայրը այս առիթով հիւպատոսին յանձնեց Ծառայութեան Վկայականը՝ շեշտելով որ անիկա կը շնորհուի առ ի երախտագիտութիւն գլխաւոր հիւպատոսին ազգանուէր ծառայութեան, յանձնառութեան եւ արիութեան:
Այնուհետեւ շնորհակալական խօսքերով հանդէս եկան Ազգ. Վարչութեան ատենապետ Տարօն Մակարեան եւ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեան, որոնք բարձրօրէն գնահատեցին գլխաւոր հիւպատոսին մարդկային յատկանիշներն ու գործակցութեան ոգին:

Այս առիթով ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեան հետեւեալ խօսքը ուղղեց հալէպահայութեան.
«Իմ շատ սիրելի հալէպահայեր,
Այսօր ես աւարտում եմ իմ դիւանագիտական առաքելութիւնը Հալէպում։ Հեռանում եմ հակասական զգացողութիւններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալու Հայրենիք՝ դէպի ընտանիք և ընկերներ, միւս կողմից տխուր եմ, քանզի ունեմ բազում հաճելի յիշողութիւններ՝ կապուած Հալէպում անցկացրած տարիների հետ։ Միաժամանակ դժուար է բաժանուել հարազատ դարձած քաղաքից ու այստեղ բնակւող բազմաթիւ բարեկամներից, որոնց ես ձեռք բերեցի այս տարիների ընթացքում:
Իմ պաշտօնավարման ընթացքում ես անձամբ տեսայ, թէ ինչ ծանրագոյն մարտահրաւէրների բախուեց հալէպահայութիւնը։ Սիրիական հակամարտութիւնը կաթուածահար արեց հալէպահայութեան կեանքը, ցաւօք, ունեցանք զոհեր և վիրաւորներ, աւերուեցին հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, Հալէպի հայ համայնքը մեծ վնասներ կրեց, դարերի ընթացքում կառուցածը մի քանի տարում հաւասարուեց հողին։
Սակայն, հայի անկոտրում ոգին չընկրկեց, և յարաբերական ու փխրուն խաղաղութեան հաստատման հենց առաջին վայրկեանից հալէպահայութիւնը լծուեց հայ համայնքին նախկին փայլը վերադարձնելու գործին։
Պէտք է նշեմ, որ առնաձնակի հպարտ եմ, որ հենց ինձ բախտ վիճակուեց լինելու ձեր կողքին այդ դժուարին օրերին, ձեզ հետ միասին յաղթահարելու բազում դժուարութիւններ և համատեղ դնելու հալէպահայութեան բարեկեցիկ ապագայի մեր ունեցած տեսլականի հիմքերը։
Ցանկանում եմ իմ շնորհակալութեան և երախտիքի խօսքը յղել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ պաշտօնավարման ողջ ընթացքում կանգնած են եղել Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան կողքին և հայրենասիրական վեհ զգացումներով լցուած անշահախնդիր կերպով օժանդակել են հիւպատոսութեան բնականոն աշխատանքի ապահովմանը։
Անչափ ուրախ եմ, որ Հալէպից հեռանալիս մարդկանց բնակարանները 7 տարուայ ընդմիջումից յետոյ կրկին լոյսերով ողողուած եմ տեսնում։ Տա Աստուած, որ լոյսն ու յոյսը երբեք չլքեն ձեզ, իմ սիրելի հալէպահայեր։
Յիշէք, որ ի դէմս ինձ Հայաստանում ունէք շատ լաւ մի բարեկամ»։

Երեկոն աւարտին հասաւ ողջերթի ջերմ մթնոլորտի մը մէջ: