կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 14:49
Հասարակություն

Արիության եւ խիզախության համար սերժանտ Հրայր Եգանյանը հետմահու պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար պահեստազորի սերժանտ Հրայր Եգանյանը հետմահու պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով: Պարգեւը Հրայրի տուն բերեցին Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սարգիս Սահակյանը եւ Երեւանի N4 տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սերոբ Եսայանը։

Եսայանն ասաց, որ Հրայրին զորահավաքային բաժանմունքից ինքն է պատերազմ ճանապարհել, լավատեղյակ է նրա քաջության եւ արիության մասին:

Հրայրը պատերազմ մեկնեց՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ: Հերոսի մայրը՝ տիկին Շուշանը, մի կերպ զսպելով արցունքները, հպարտանում է՝ որդին գիտակցված գնաց պատերազմ, գիտակցված գնաց մահին ընդառաջ՝ մինչեւ վերջ մնալով մարտադաշտում՝ Ջրականում: Չի փախել, չի վախեցել մահից, կանգնել է մահվան դեմ՝ փորձելով պահել հայրենիքը:

Մայրն ասում է՝ չգիտի, թե որդին ինչպես է զոհվել, զինակից ընկերների պատմություններով՝ կամավորագրվել է՝ գիտակցելով, որ վերադարձը քիչ հավանական է:

«Մենք հանգիստ էինք, գիտեինք, թե Երասխում է, այնինչ՝ հետո իր իսկ ցանկությամբ մեկնել էր Արցախ: Տղաներն ասում են՝ Արցախ մեկնելուց հետո չգիտեն, թե ոնց են ավտոբուսից իջել հրետակոծությունների տակ, չեն հասցրել հասկանալ՝ ինչ է կատարվում: Հրայրը մտածում էր, որ եթե 30 տարի առաջ իմ սերնդակիցներն են հայրենիք ազատագրել, հաղթանակած հայրենիք նվիրել իրենց, հիմա էլ ինքը պիտի հայրենիքը պաշտպանի՝ իր զավակի եւ հետագա սերունդների համար»,- ասում է տիկին Շուշանը:

Մարտական ընկերների պատմելով՝ Հրայր իրեն դյուցազնի, քաջի նման է դրսեւորել մինչեւ վերջին վայրկյանը, չի կարկամել, չի վախեցել:

Հրայրը նոր էր ընտանիք ստեղծել, հարսանիքը պատերազմից մոտ մեկ ամիս առաջ էր եղել, գիտեր, որ կինը հղի է, աշխատավայրից էլ լավ առաջարկ էր ստացել, բայց հայրենիքը վեր դասեց՝ ասելով․ «Չեմ կարող նստել կնոջս ու մորս կողքին ու տեսնել, թե ինչպես են տղերքը զոհվում»:

Տիկին Շուշանն ասում է՝ Հրայրը պատերազմի ժամանակ շատ բան կարող էր անել․իր երկամյա ծառայության ընթացքում դրսեւորել էր զորք կառավարելու հատկություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան