|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 15-18-ը Սիրիայի ծովափնյա շրջանների հայությանը հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն աշխատանքային այցով մեկնեց Լաթաքիա և Քեսաբ:
Այցի ընթացքում գլխավոր հյուպատոսը հանդիպեց տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց հետ հանգամանորեն քննարկեց համայնքին հուզող խնդիրների լայն շրջանակ:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում և Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի հայության համար անցկացրին հյուպատոսական ընդունելություն, որի ընթացքում հանձնվեցին ՀՀ քաղաքացու՝ մի քանի տասնյակից ավելի անձնագրեր, ինչպես նաև ընդունվեցին 120-ից ավելի քաղաքացիության նոր դիմումներ:
Ապրիլի 18-ին Տիգրան Գևորգյանը Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սահակյան» սրահում քեսաբահայության հոծ բազմության ներկայությամբ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» շքանշանը:
Շնորհավորելով քաղաքապետին՝ հյուպատոս Գևորգյանը շեշտեց, որ սիրիահայության խնդիրները մշտապես մնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Քեսաբի քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահի կողմից նման բարձր պարգևի արժանանալու համար, նշեց, որ այդ շքանշանը ոչ միայն իրենն է, այլ ողջ քեսաբահայությանը: