կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 22:01
Տնտեսական

ԱԺ քննարկմանը կներկայացվի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված օրենքների փաթեթը

ԱԺ քննարկմանը կներկայացվի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված օրենքների փաթեթը

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներառել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին փաթեթը, որը հավանության արժանանալուց հետո կուղարկվի ԱԺ:

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի խթանմանն ուղղված գործողությունների իրականացման մասին» հավանության արժանացած արձանագրային որոշման դրույթների կատարմամբ։ Միևնույն ժամանակ նախագծի ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և դրա հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլ պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությունից։

Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ և նպաստում է Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը: Էներգետիկայի մասին ՀՀ օրենքը, որը գործում է 2001 թվականից, վերանայման կարիք ունի ոլորտում առկա մարտահրավերները հասցեականացնելու և օրենսդրական մակարդակում դրանց լուծումներ առաջադրելու նպատակով: Օրենքում անհրաժեշտ է հստակեցել պետական քաղաքականության սկզբունքները, պետական տարբեր մարմինների և ոլորտում գործունեություն իրականացնող անձանց իրավասությունների շրջանակը, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն առաջադրվող պահանջները և ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև ներառել ազդակներ համակարգի կայուն զարգացման համար:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին և հենվում է միակ գնորդ-վաճառող շուկայի մոդելի վրա, որի արդյունքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է միայն վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն սպառողներին վաճառելու իրավունքը: Ընդ որում, շուկան ինչպես մեծածախ այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է, կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումը և արտահանումը: Զարգացած և զարգացող շատ երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են և գործում են լիարժեք մրցակցության պայմաններում:

Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր: Ներկայիս էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա և շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն՝ այդ ծավալների շեղումների դեպքում: Արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռվում  են սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով, ներառելով նաև էլեկտաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ այդպիսի ռիսկերի հավասարակշռման արժեքը: Այսպիսի իրավահարաբերությունների համախումբը հնարավորություն չի տալիս նաև բարձրացնել էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավարման արդյունավետությունը: Շուկայի նոր մոդելը կհենվի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի շուկայի մասնակիցներից պահանջարկի և առաջարկի հայտերի հիման վրա և կսահմանի անհատական պատասխանատվության շուկայի յուրաքանչյուր մասնակցի համար:

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունների արդյունքում.

կհստակեցվեն ՀՀ էներ­գետիկ ենթակա­ռուցվածք­ների և բնական պաշարների նախարա­րության, ՀՀ հանրային ծառա­յու­թյունները կարգա­վորող հանձնա­­ժողովի և այլ պետական մար­մին­ների գործառույթները.

շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առևտրի խթանման համար՝ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանվածությունը և պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջև.

կառանձնացվեն բաշխման և մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն էլ իր հերթին կավելացնի գանձվող  պետական տուրքերը: Նույն ժամանակ շուկայում կգործի երաշխավորված մատակարարը, որը ծառայություններ կմատուցի կարգավորվող գներով, ինչը սպառողներին հնարավորություն կտա ընտրություն կատարել ինչպես մատակարարների միջև, այնպես էլ շուկայի կարգավորվող ու չկարգավորվող հատվածում էլեկտրաէներգիա գնելու հարցում: Ընդ որում որակավորված սպառողներն իրավունք կստանան էլեկտրաէներգիա գնելու էլեկտրաէներգիա արտադրողներից՝ ուղիղ պայմանագրերի միջոցով:     

կհստակեցվեն Համակարգի և Շուկայի օպերատորների գործառույթները,

կսահմանվի նոր՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի, որով սահմանված գործունեությունը  գրեթե կարգավորման չի ենթարկվի, ինչը կխթանի միջպետական առևտուրը.

արդյունքում սպասվում է մեծածախ շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց ավելացում, որոնք կարող են իրականցնել  էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման գործառույթ, ինչն էլ իր հերթին կբերի պետական եկամուտների ավելացմանը.

էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման նպատակով կհստակեցվեն էլեկտրաէներգիա արտադրող կայանների, փոխադրման և բաշխման համակարգերի զարգացման պլանավորմանը ներկայացվող պահանջները և գործիքակազմը.

կսահմանվեն երրորդ կողմի մուտքի ոչ խտրական իրավունքը երաշխավորող նոր դրույթների՝ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման և նոր միացումների երաշխավորման առումով: