կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 20:18
Քաղաքական

Քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին եւ պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել կենսաչափական անձնագրերի ներդրման, սահմանային հսկողության բարելավման եւ երկրի հյուսիսային սահմանային անցակետերի արդիականացման հարցում: Կարել Հոֆսթրան ընդգծել է նաեւ, որ Եվրամիության աջակցությամբ շուտով կսկսվի Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը ոչ միայն տեխնիկապես է պատրաստ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, այլ նաեւ՝ քաղաքականապես, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխություններից հետո մեր երկիրն աննախադեպ առաջընթաց է արձանագրել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության պաշտպանության հարցում, ինչը վիզաների ազատականացման գործողությունների պլանի հիմնական պահանջներից մեկն է: Նա հավելել է, որ 2018 թ. Եվրամիության երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը 2017-ի համեմատ կրճատվել է ավելի քան երեք անգամ, եւ եթե այս դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա:

Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մի կողմից բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վիզաների ազատականացման գործընթացի նրբությունների մասին, մյուս կողմից ԵՄ անդամ երկրներին ավելի հանգամանալի ներկայացնել գործընթացին՝ Հայաստանի պատրաստվածության աստիճանը: