կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-02 13:13
Հասարակություն

«Յուրահատուկ տղա էր». Արցախում զոհված Հայկը 8 ամսվա ծառայող էր (լուսանկար)

 «Յուրահատուկ տղա էր». Արցախում զոհված Հայկը 8 ամսվա ծառայող էր (լուսանկար)

Երեկ Արցախում ականի պայթյունից  մահացու վիրավորում ստացած 18-ամյա Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, երեք եղբայրներից ավագը: Մեր տեղեկություններով՝ Հայկի կրտսեր եղբայրը դպրոցական է, իսկ մյուսը մի քանի ամսից զորակոչվելու է բանակ:

Մեզ հետ զրույցում զինծառայողի մտերիմները պատմեցին, որ Հայկը նպատակ ուներ ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակել: «Յուրահատուկ տղա էր, համեստ, ընկերասեր, բոլորին հասնող: Երբեք չի դժգոհել ծառայությունից, ասում էր` երկու տարի է եղածը, կծառայեմ, կգամ»,- մեզ հետ զրույցում պատմեց մտերիմներից մեկը՝ հավելելով, որ Հայկը նախքան զորակոչվելը ծրագրավորմամբ էր զբաղվում:

Հարազատների խոսքով՝ Հայկը վերջին անգամ խոսել է տանեցիների հետ, ասել, որ բարձրանում է դիրքեր` կապը վերականգնելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 19-ամյա Հայկ Խաչատրյանը:

Լուսանկարը՝ Հայկ Խաչատրյանի եղբոր ֆեյսբուքյան էջից