կարևոր
1264 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 18:10
Քաղաքական

Ուկրաինան համաձայնել է խաղաղության թարմացված ծրագրին՝ բացառությամբ «աննշան մանրամասների». CBS News

Ուկրաինան համաձայնել է խաղաղության թարմացված ծրագրին՝ բացառությամբ «աննշան մանրամասների». CBS News

CBS News-ը պարզել է, որ Ուկրաինան համաձայնել է խաղաղության թարմացված առաջարկին՝ չհամաձայնեցված թողնելով միայն մի քանի «աննշան մանրամասներ»: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ նրա, բանակցային գործընթացն արագ է առաջ ընթանում, և ԱՄՆ բանակի ղեկավար Դեն Դրիսկոլը վստահություն է հայտնել, որ կողմերը մոտ են հաջորդ քայլին։ Նոյեմբերի 25-ին նա մի քանի ժամ անցկացրել է ռուսաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումներում։

Ինչպես հաղորդում է РБК-ն, ավելի վաղ Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել էր, որ Ժնևի բանակցություններում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները եկել են ապագա համաձայնագրի հիմնական պայմանների վերաբերյալ ընդհանուր տեսլականի։

ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նախնական ծրագիրը Վլադիմիր Պուտինն անվանել էր կարգավորման հնարավոր հիմք։ Նախնական տարբերակը նախատեսում էր Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, նրա զորքերի դուրսբերումը Կիևի վերահսկողության տակ մնացող Դոնբասի տարածքներից, ինչպես նաև Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի փաստացի կարգավիճակի ճանաչումը։

Ավելի ուշ փաստաթուղթը փոփոխվել է․ ըստ Politico-ի տվյալների, դրանից հանել են ինը կետ, շտկել են Դոնբասի փոխանցման հարցը և Ուկրաինայի տարածքի հետ կապված այլ զգայուն թեմաներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տարածքային հարցերի և ՆԱՏՕ-ի հեռանկարների քննարկումը տեղի կունենա նախագահներ Զելենսկու և Թրամփի մակարդակով։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել ծրագրի միջանկյալ տարբերակը, որը ԱՄՆ-ն կներկայացնի եվրոպական գործընկերների և Կիևի հետ համաձայնեցնելուց հետո։