|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Արթիկը մեր հանրապետության գյուղատնտեսական քարտեզում առանձնահատուկ տեղ ունի։ Համայնքի վարելահողերը, կլիմայական պայմանները և աշխատունակ, փորձառու բնակչությունը ստեղծում են բոլոր նախադրյալները՝ զարգացնելու ժամանակակից, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն։ Բայց այս ներուժը չի կարող լիարժեք բացահայտվել, եթե չձևավորվի երկարաժամկետ ռազմավարություն, որի առանցքում դրված կլինի ոչ թե առանձին ծրագրեր, այլ ամբողջ արտադրական շղթայի համակարգային զարգացում։
Այսօր գյուղատնտեսությունը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ՝ աշխարհում առկա տնտեսական փոփոխություններից մինչև կլիմայական ռիսկեր։ Հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է նոր մոտեցում՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, գիտելիքի և համայնքների շուկայական ներուժի ճիշտ օգտագործման վրա։
Արթիկ համայնքը կարող է դառնալ նման նորարարական քաղաքականության կենտրոն, որտեղ կկիրառվեն արդյունավետ ոռոգման մեխանիզմներ, կաճեցվեն բարձրարժեք մշակաբույսեր, կզարգանան վերամշակման նոր հզորություններ։
Պետությունը պարտավոր է աջակցել ֆերմերներին՝ տրամադրելով գիտելիք, տեխնիկական աջակցություն, ֆինանսական գործիքներ և ունենալ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր՝
1․ Արթիկը դարձնել ժամանակակից գյուղատնտեսության կենտրոն
Նպատակ՝ ապահովել արտադրության տեխնոլոգիական թարմացում, բարձրարժեք մշակաբույսերի աճեցում և նորարարական մոտեցումների ներդրում։
2. Արտադրական շղթայի ամբողջականացում
Արտադրությունից մինչև վերամշակում և իրացում՝ ստեղծել արդյունավետ ու շահութաբեր լոգիստիկ ցանց։
3. Ֆերմերների կարողությունների զարգացում
Կրթական ծրագրեր, խորհրդատվություն, ֆինանսական աջակցության նոր մեխանիզմներ։
4. Գյուղաբնակների սոցիալական բարեկեցության բարձրացում
Աշխատատեղերի ստեղծում, եկամուտների աճ, համայնքային ենթակառուցվածքների զարգացում։
Գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ միայն մարդկային ջանքերի շնորհիվ․ այն պահանջում է կազմակերպված ենթակառուցվածքներ, ժամանակակից տեխնիկա, պահեստավորման և տարանցիկ կենտրոններ։ Եվ Արթիկը հենց այն համայնքն է, որտեղ այս ամենը հնարավոր է իրականացնել արդյունավետ և կայուն ձևով։
Ես խորապես համոզված եմ, որ Արթիկի զարգացումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տեղական նշանակության նախաձեռնություն, այլ որպես ամբողջ ազգային տնտեսության ամրապնդման անհրաժեշտություն։ Գյուղաբնակների եկամուտների աճը, աշխատատեղերի ստեղծումը, միգրացիայի նվազեցումը և հասարակական կյանքի աշխուժացումը այն արդյունքներն են, որոնց համայնքը պետք է հասնի։
Արթիկ համայնքի զարգացման ռազմավարական ծրագիրը պետք է գյուղատնտեսությունը դարձնի տնտեսության շարժիչ ուժ։ Ներդրումային միջավայրի բարելավումը, նոր տեխնոլոգիաների ներմուծումը, մարդկային ռեսուրսի զարգացումը և շուկայի ընդլայնումը հնարավորություն կտան Արթիկին դառնալ ոչ միայն մարզի, այլ նաև ամբողջ Հայաստանի գյուղատնտեսական առաջատար համայնք։
Մեր երկրի ուժը մեր համայնքներում է։
Մեր տնտեսության ապագան՝ մեր գյուղատնտեսությունում»։