կարևոր
1714 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-24 19:29
Քաղաքական

Կոմկուսը հիշեցնող միջոցառման համար Համալիրի դահլիճի վարձակալությունը արժեցել է ավելի քան 40 միլիոն դրամ․ «Փաստինֆո»

Կոմկուսը հիշեցնող միջոցառման համար Համալիրի դահլիճի վարձակալությունը արժեցել է ավելի քան 40 միլիոն դրամ․ «Փաստինֆո»

Նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառման համար վճարվել է 40 միլիոն դրամից ավելի գումար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

«Բավականին շատ գումար է վճարվել։ Մարզահամերգային համալիրը փակ բաժնետիրական ընկերություն է, որը այլևս ֆինանսավորում չի ստանում պետությունից և ինքն է իրեն պահում։ Այստեղ ով էլ միջոցառում կազմակերպի՝ վճարում է, և բավականին նորմալ գումար։ 40 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել»,– նշել է Ղազարյանը։

«Փաստինֆո»-ի թղթակիցը նաև արձանագրել էր համալիրի հարակից տարածքի անմխիթար վիճակը․ մուտքի մոտի սալիկները ճոճվում էին։ Այս ֆոնին հարց բարձրացավ, թե ինչու համալիրի ստացած եկամուտները չեն ուղղվում տարածքի բարեկարգմանը։

Հարցին ի պատասխան մարզահամերգային համալիրի տնօրենը նշել է, որ սալիկների վնասված վիճակը պայմանավորված է այն տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով, որը կիրառվում է ցուցահանդեսների և մեծածավալ միջոցառումների ժամանակ։

«Կարող են ճոճվել։ Պատկերացրեք՝ ինչքան ցուցահանդեսներ են արվում, մեծ մեքենաներ են գալիս կանգնում, և բնական է, որ սալիկներն այս ընթացքում մաշվում են։ Պարզապես հիմա դրանք փոխելու ժամանակը չէ, որովհետև համալիրում լուրջ աշխատանքներ են իրականացվում»,– ասել է նա՝ հավելելով, որ ներկայում վերանորոգվում են հակահրդեհային և օդափոխության համակարգերը։

Ըստ Ղազարյանի՝ հաջորդ տարվանից արդեն մեկնարկելու է տանիքի վերանորոգումը, և միայն այդ ծանր աշխատանքները ավարտելուց հետո կանցնեն արտաքին հատվածների բարեկարգմանը։

«Այս շենքում չկա որևէ բան, որը չի վերանորոգվում»,– եզրափակել է նա։