կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 15:08
Մշակույթ

«Ժամանակի ստվերները». հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը

«Ժամանակի ստվերները». հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը

Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 25-ին կբացվի խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կկրի «Ժամանակի ստվերները» խորագիրը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսը լույս կսփռի 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա եւ կներկայացնի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 թթ-ին: Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի ղեկավարը` Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսի բացման արարողության օրակարգում ընդգրկված է նաեւ Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը, որն ընդգրկում է Գագիկ Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ:

Դեռևս 1970-ականների սկզբին` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների: Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետեւողականորեն կառուցել է գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձեւաչափը:

1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սեւապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարիների ընթացքում: Եվ այսպես, Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչեւ բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:

 «Ժամանակի ստվերները» բազմանկյուն ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը եւ հաստատում դրա առանցքային կարեւորությունն արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության համար: Նախագիծն իրականացնում է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO): Պատկերագրքի հովանավորողներ են` դոկտոր Գիզելա եւ դոկտոր Ռայներ Ֆրիթչերը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության Հասարակայնության հետ կապերի բաժին