կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-27 10:37
Հասարակություն

Հայրենիքը չի տրվիր, այլ դուն կառնես. այսօր Լիզբոնի «խենթերի» անձնազոհության 34-րդ տարելիցն է (տեսանյութ)

Հայրենիքը չի տրվիր, այլ դուն կառնես. այսօր Լիզբոնի «խենթերի» անձնազոհության 34-րդ տարելիցն է (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 27-ին լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 34-րդ տարելիցը:

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով՝ 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ ժամը 18։30-ից Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում) տեղի կունենա «Լիզբոն 5»-ի գործողությանը նվիրված միջոցառում: 
Միջոցառման ընթացքում կլինի «կենդանի գրադարան», կցուցադրվեն տղաների և իրենց կատարած գործողությանն առնչվող նկարներ։ Ժամը 20:00-ից կհնչեն տղաների և իրենց հարազատների խոսքերը, որին կհաջորդի թեմատիկ ֆիլմի ցուցադրություն:

Միջոցառումը կուղեկցվի ազգային-հեղափոխական երգերով, իսկ միջոցառման ավարտին տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Լիզբոնում զոհված տղաների: