կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-01 12:05
Հասարակություն

Անձնազոհության համար տղայիս չեմ դատապարտում. Ադամ Սահակյանի մայրը հպարտ է

Այսօր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվեց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անվան դասարան: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Ադամի ծնողներն ու եղբայրը: Ադամն, ի դեպ, սովորել է հենց այդ դպրոցում:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ բոլորս պետք է Ադամի ընտանիքի կողքին լինենք, քանի որ կորստի ցավը հետո է սկսում զգացվել: «Այդ տղաներն ապացուցեցին, որ հերոսը վերաշխարհյա մարդ չէ, նույն` մեր կողքին ապրող տղաներն են, որ ինչ-որ մի պահի կատարում են իրենց պարտականությունները։ Եթե մենք նրանց հիշենք, հիշատակը վառ պահենք, մեր ճանապարհն ավելի հեշտ կլինի։ Պետք է այնպես անենք, որ այս երիտասարդների թափած արյունն ավելի ուժեղացնի մեզ, հակառակ պարագայում` մենք հեռանկար չենք ունենա»,- ասաց նախարարը:

Ադամ Սահակյանի մայրը՝ Գոհար Անտոնյանը, նշեց, որ տղան շատ էր սիրում սովորել: Նա հիշում է` երբ տղային բանակ ճանապարհեցին, մի փոքր հուզմունք կար, տագնապ, բայց նաև` հպարտություն: «Ոչ բոլորին է բախտ վիճակվում այդքան երիտասարդ տարիքում կատարել իր առաքելությունը։ Ես Ադամին ընդունում եմ այնպես, ինչպես կար, նրան անձնազոհության համար չեմ դատապարտում, միայն հպարտ եմ. լինել այդքան երիտասարդ և այդքան կայացած բնավորություն ունենալ` ամեն մարդու չի վիճակված։ Տղաս մեր առասպելական հերոսներին շատ էր սիրում, և կարծում եմ՝ այս ամենը պատահական չէր»,- ասաց Ադամի մայրը:

Մանրամասները` տեսանյութում: