կարևոր
997 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-29 15:32
Հասարակություն

Տղաները ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի․ Գառնիկ Դանիելյան

Տղաները ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. 

«Թեև ամեն անգամ տղաներին այցելելիս ունենում եմ ծանր ապրումներ, Եռաբլուրը մնում է այն միակ վայրը, որտեղ կարողանում եմ մեկուսանալ, խորհել, զրուցել տղաների հետ, որոնք ավելին քան ներկա են․․․․

Այստեղ առանձին ճակատագրերն են․ ամեն մեկն ունի հերոսական մի պատմություն, սխրանքի ճանապարհ, որն արժանի է պատումի, գրքի, ֆիլմի վերածվելու։

Մեր միջի լավագույն որակների խտացումն է ննջող տղաների մեջ։ Իրենք ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի։

Քայլում ես, նայում շիրմաքարերին, կարդում անունները, որսում հայացքները և թվում է, թե բոլորը հարազատ են քեզ, ճանաչել ես երբևէ։

․․․Եվ հակասական զգացումները՝ հպարտություն, ցավ, ամոթ ու ափսոսանք, մի պահ թուլացնում են քեզ, բայց հետո հավաքում ես ուժերդ՝ հասկանալով, որ պարտք ունես, կիսատ գործ ունես։

Քայլում ես, և առջևումդ խրոխտ Արարատն է, որ պահապան հսկայի պես ուղեկցում է մեզ ամենուրեք։ Ծածանվող դրոշներն են, որոնք հիշեցնում են արյունով ձեռք բերած ազատությունն ու հաղթանակները։

Կգա օրը, և մենք կայցելենք ձեզ գլուխներս բարձր՝ պատմելու ձեր երազած պետության մասին, հանուն որի զոհաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը, մեր խոնարհ հերոսներ․․․»։