Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է կառավարության որոշման փոփոխություն, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է առողջապահության համակարգում պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման, ՀՀ պետական բյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից:
Ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ:
Ստացվում է մի իրավիճակ, երբ Շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս: Գործող համակարգի պայմաններում Շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել հիվանդանոցային օղակի բժշկական հաստատությանը, որը փաստացի պետք է մատուցի ծառայությունը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և շահառուի կողմից ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ:
Առկա խնդիրների և խոչընդոտների պատճառով ներկայումս Շահառուներն իրենց համար անվճար պայմաններով տրամադրման ենթակա բժշկական ծառայություններից շատ դեպքերում ստիպված օգտվում են վճարովի հիմունքներով: Օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ բավարար չեն նաև գործող վերահսկողական մեխանիզմները և խնդիրների հարթման մեխանիզմները: Արդյունքում առկա են բազմաթիվ դժգոհություններ ինչպես Շահառուների, այնպես էլ բժշկական հաստատությունների շրջանում:
Նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական նպատակը սոցիալական փաթեթի շահառուների համար իրենց նախընտրած բժշկական հաստատությունում տրամադրվող բժշկական փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների ամբողղջ ծավալով, անխոչընդոտ` առանց հերթագրումների ստացումն է` միաժամանակ ուժեղացնելով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Ստորև, ըստ հիմնական ուղղությունների, ներկայացված են առաջարկվող մոդելի առնձնահատկությունները:
Առաջարկվող մոդելով ՀՀ Կառավարությունը, ի դեմս Առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում՝ ապահովելով բժշկական փաթեթով նախատեսված ծառայությունների տրամադրումը սոցիալական փաթեթի շահառուներին` որպես ապահովագրված անձինք:
Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները:
Ընդ որում, սոցիալական փաթեթի շահառուներին ծառայությունների մատուցումը հստակ կանոնակարգելու և պատշաճ որակով իրականացնելու նպատակով ներկայացվող որոշմամբ սահմանվում են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ապահովագրական պայմանագրի ձևը, բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման (կցագրման) և վերաբախշման բազմագործոն համակարգը, որում ներառված են ինչպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման ցուցանիշները, այնպես էլ փաստացի մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ:
Որոշմամբ բժշկական հաստատությունների ցանկը, որոնցում Շահառուն կարող է ստանալ տրամադրվող բժշկական ծառայությունները, ինչպես նաև բժշկական ծառայությունների գնացուցակը սահմանվում են Առողջապահության նախարարության կողմից, պարտադիր են ծրագրին մասնակից ապահովագրական ընկերությունների համար և հանդիսանում են համապատասխանաբար ապահովագրության պայմանագրի, ապահովագրական ընկերությունների և բժշկական հաստատությունների միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի անբաժանելի մասը:
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է, որ ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար Շահառուի սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը՝ նվազագույնի հասցնելով հերթագրումների և Շահառուի կողմից նախընտրած բժշկական հաստատությունների ընտրության հետ կապված լարվածությունը: Առաջարկվող նախագծի իրավակարգավորման պայմաններում ակնկալվում է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացում՝ շնորհիվ նոր մեխանիզմով ներդրված կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի Առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը հետևում է նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: