կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-21 16:54
Իրավական

Թուրքիայի քաղաքացին հատել է Արաքս գետն ու անցել հայ-թուրքական սահմանը. երկու անձ կալանավորված է

Թուրքիայի քաղաքացին հատել է Արաքս գետն ու անցել հայ-թուրքական սահմանը. երկու անձ կալանավորված է

Արագածոտնի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել Թուրքիայի քաղաքացու կողմից ապօրինի կերպով Հայաստանի սահմանը հատելու վերաբերյալ գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է երկու անձ:

Համաձայն մեղադրանքի՝ Օզգյուլ Դումանին 2017թ-ի մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի հատվածում ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը:

Այս գործով մյուս ամբաստանյալին՝ Աբդուլբարի Կանատին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Օզգյուլ Դումանն ունի խնդիրներ Թուրքիայի Հանրապետության տարածքում, ցանկություն ունի ապօրինի կերպով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, և ստանալով առաջարկություն` հիշյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով օժանդակել է նրան, ստանձնել է 10000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց` խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով` օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:

Օզգյուլ Դումանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. այն է ՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը: Աբդուլբարի Կանատին էլ՝ ՀՀ ՔՕ 38-329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով սահմանը հատելուն օժանդակելը): Երկու ամբաստանյալների նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը մակագրվել է Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին: