կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 14:07
Քաղաքական

ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղարը տեղյակ չի եղել, որ թուրքական ռազմական ուղղաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը

ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղարը տեղյակ չի եղել, որ թուրքական ռազմական ուղղաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հոկտեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի օդային սահմանը հատած Թուրքիայի ռազմական ուղղաթիռների մասին, պատմեց, թե ինչպես է դրա մասին հարց ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգին:

Քանի որ հարցը չի կարողացել ուղղել նիստի ժամանակ, դա արել է միջանցքում: «Վազելով` բռնեցրի միջանցքում, որպեսզի հարցս ուղղեմ: Նա զարմացավ` ասելով, որ տեղյակ չէ, և խնդրեց գրավոր տեղեկացնել»,- ասաց Թևան Պողոսյանը:

«Եթե մի կառույց իսկապես գնահատում է իր անդամ երկրների անվտանգությունը, ապա պետք է ինքը սկսի հետևել հենց նրանց գործունեությանը  և անձամբ ներողություն խնդրի, եթե թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելը եղանակային պատճառներով է եղել»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ  Հայաստանը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերն է:

Հայաստանի պատվիրակության մեկ այլ անդամ` Կորյուն Նահապետյանը, հավելեց, որ թուրքական կողմը պարզաբանել է, թե ՀՀ օդային սահմանը հատվել էր վատ եղանակային պայմանների, մառախուղի պատճառով: