կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-18 23:55
Մշակույթ

Ստացվել է այն, ինչ որ մտածում էինք․Արմեն Ամիրյանը՝ Դսեղում

Ստացվել է այն, ինչ որ մտածում էինք․Արմեն Ամիրյանը՝ Դսեղում

Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը այցելուների համար առավել հրապուրիչ ու հարմարավետ դարձնելու համար մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմը դեռևս նախորդ տարի ձեռնամուխ եղավ հետաքրքիր ծրագրերի մշակման։ Դեկտեմբերին գտնվեց ենթակառույցների շինարարության մասնավոր ֆինանսավորման աղբյուրը: Ամերիկահայ երաժիշտ և գործարար Աշոտ Տիգրանյանը նախագծին և կատարելիք աշխատանքին Դսեղում ծանոթանալուց հետո համաձայնեց 8 մլն դրամ ներդնել Դսեղում սանհանգույցի և հանգստի գոտու շինարարության համար։
Հունվարին կնքվեց համաձայնագիրը, և սկսվեց շինարարությունը: Շինարարությանը զուգահեռ և եղանակի՝ բարենպաստ դառնալուն պես ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գաղափարի իրականացման նպատակով քանդակագործ Նարեկ Մկրտչյանը ձեռնամուխ եղավ թանգարանի բակի կոճղերից Թումանյանի հեքիաթների հերոսների քանդակները կերտելու հաճելի գործին: Ամռանը նախարարությունը Դսեղում թումանյանական թեմաներով մեծադիր քանդակների սիմպոզիում հայտարարեց. ընտրվեցին երիտասարդ քանդակագործների 12 էսքիզներ։ Նախարարությունը Դսեղ հասցրեց կարմիր տուֆի՝ 2 խորանարդ մետրանոց կտորները և Դսեղում կացության, ստեղծագործելու հնարավորություն ընձեռվեց Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից երիտասարդ քանդակագործներին, որոնք Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ են կամ ուսանող։
Նախարար Ա. Ամիրյանը հուլիսի 17-ին Դսեղում մարզպետ Արթուր Նալաբանդյանի ուղեկցությամբ ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Դեռևս անավարտ 12 տուֆակերտ քանդակների մեջ մի քանի անդրադարձ կա Անուշի, Քաջ Նազարի կերպարներին։ Քանդակների համար հեղինակները բավականին հետաքրքիր լուծումներ են առաջարկում:
Քանդակներն ավարտուն տեսք կունենան մինչև հուլիսի 26-ը և կմնան Դսեղում։
Թանգարանի սանհանգույցի և հանգստի փոքրիկ գոտու շինարարությունը նույնպես ավարտին է մոտենում: Նորակառույց հատվածում կգործի նաև հուշանվերների փոքրիկ կրպակը։
«Ստացվել է այն, ինչ որ մտածում էինք, և հաջող է ստացվել։ Կարողանալու ենք հետաքրքրիր ու գրավիչ դարձնել այս համայնքը»,- Դսեղ կատարած այցին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Տուն-թանգարանը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելուն պակասում է միայն բարեկարգ ճանապարհը։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վստահեցրեց, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։