կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-17 15:35
Հասարակություն

«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների

«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների

Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում  սպասարկելով 1371 ուղևորի։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:

«ՏաԹեւեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ., այլեւ ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

«ՏաԹեւեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շնորհիվ Տաթևի տարածաշրջանն արագ տեմպերով դառնում է համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից:  «Տաթեւի դարպասներ», «Մեծ Տաթեւ», Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրն ու «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը հիմք են ծառայում տարածաշրջանի համալիր զարգացման համար։  

Տաթեւ այցելող եւ «ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկները  կարող են ճոպանուղու տոմսերը գնել նախապես՝ օնլայն եղանակով: