կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-13 14:47
Տարածաշրջան

Էրդողանը բողոքարկել է գերմանացի երգիծաբանի գործով Համբուրգի դատարանի վճիռը

Էրդողանը բողոքարկել է գերմանացի երգիծաբանի գործով Համբուրգի դատարանի վճիռը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոքարկել է իր մասին վիրավորական բանաստեղծություն գրած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի վերաբերյալ Համբուրգի դատարանի կայացրած վճիռը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ այս մասին անգլիական «Reuters» գործակալությանը հայտնել է Համբուրգի դատարանի մամուլի խոսնակը, ով բողոքի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել: Գերմանական մամուլում թեմայի վերաբերյալ հայտնված հրապարակումներում նշվել է, որ Էրդողանի փաստաբանների ներկայացած բողոքով պահանջվել է Գերմանիայում արգելել 18 քառյակից բաղկացած բանաստեղծության՝ դատարանի որոշմամբ չարգելված մնացած 6 քառյակները:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Յան Բոհմերմանը գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ընթերցել էր մի բանաստեղծություն, որը, թուրքական կողմի բնութագրմամբ, «արվեստի անվան տակ չափազանց ծանր վիրավորանքներ էր պարունակում»:
Բանաստեղծությունը որոշակիորեն ազդել էր նաև թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը պահանջել էր Բոհմերմանի նկատմամբ դատական գործ հարուցել՝ Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Օտար երկրի առաջնորդին վիրավորելու» հիմքով:

Գերմանիայի կառավարությունը թեև ընթացք տվեց այդ պահանջին, սակայն, միևնույն ժամանակ, քննարկման դրեց և չեղարկեց 103-րդ հոդվածը (փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից):

2017-ի փետրվարին Համբուրգի նահանգային դատարանի որոշմամբ հրապարակման արգելք դրեց նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք էր պարունակում: