կարևոր
2137 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-19 16:18
Հասարակություն

Դատախազությունը բողոքարկել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործած փաստաբանների արդարացման վճիռը

Դատախազությունը բողոքարկել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործած փաստաբանների արդարացման վճիռը

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը բողոքարկել է Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին ղեկավարների՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության գործով արդարացման վճիռը։ Իր առարկության միջնորդության մեջ դատախազությունը պնդել է, որ փաստաբանների պալատի կողմից օգտագործված արտահայտութհունները հանցանք են պարունակում։

Artı Gerçek – Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահ Ջիհան Այդընի և խորհրդի անդամներ Գազալ Բայրամ Քոլումանի, Օմեր Շերանի, Մուհլիս Օղուրգյուլի, Ահմեդ Դաղի, Ֆըրաթ Ուգերի, Մեհմեթ Աքբաշի, Սերդար Չելեբիի, Օզգյուր Յըլմազ Բիչենի, Էրհան Այթեքինի և Թևֆիկ Քարահանի՝ 1915 թ․ Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ՝ 2020 թվականի ապրիլի 4-ին, հնչեցրած հայտարարության գործով արդարացման որոշման դեմ  առարկություն է ներկայացվել։

Բաթմանի գլխավոր դատախազության պահանջով Արդարադատության նախարարության կողմից թույլատրված լսումների արդյունքում Դիարբեքիրի 9-րդ քրեական դատարանը որոշել է «հրապարակայնորեն թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետություն պետությանը, խորհրդարանին, կառավարության և դատական ​​մարմիններին վիրավորելու» համար ընդունել հանցագործության մեղադրական եզրակացություն և դատապարտել փաստաբանների պալատի ղեկավար խորհրդի անդամներին։ Գործը, որը հարուցվել էր 11 անձի դեմ՝ առանձին-առանձին 6 ամսից 3 տարի ժամկետով ազատազրկում պահանջելով, ի հեճուկս մեղադրող կողմի պատժի միջնորդության՝ ավարտվեց արդարացմամբ։

ԸՍՏ ԴԱՏԱՐԱՆԻ՝ «ԴԱ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է»

Դատարանը վճռի մեջ գնահատել է արդարացման որոշման հիմնավորումը և նշել, որ խնդրո առարկա հայտարարությունները գտնվում են քննադատության սահմաններում՝ հաշվի առելով Թուրքիայի ՔՕ 26-րդ հոդվածը, որը կարգավորում է մտքի և խոսքի ազատությունը, Սահմանադրության 25-րդ և 26-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 10-րդ հոդվածները։

Դատարանը իր հիմնավորված որոշման մեջ մատնանշելով հանցավոր համարվող «տեղահանություն», «խոշոր աղետ», «բռնի տեղահանում», «գենոցիդ», «ցեղասպանություն» հասկացությունները՝ դրանք գնահատեց որպես խոսքի ազատության շրջանակներում մտքի արտահայտում։ Ըստ դատարանի որոշման՝ այդ պատճառով հանցագործության նյութական տարրերը բացակայում են։

ԴԱՏԱԽԱԶԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Դատարանի որոշման հրապարակումից հետո Դիարբեքիրի գլխավոր դատախազությունն այն բողոքարկել է Դիարբեքիրի շրջանային արդարադատության դատարան և առարկել վճռի դեմ։ Դատախազությունը իր առարկության մեջ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարության տեքստում օգտագործված «տեղահանում», «խոշոր աղետ», «բռնի տեղահանում», «գենոցիդ», «ցեղասպանություն» հասկացությունները ներառել է որպես «հրապարակայնորեն նվաստացում թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետության պետությանը, նրա խորհրդարանին ու կառավարությանը, դատական ​​մարմիններին»։

Պնդելով, որ փաստաբանների միության խորհրդի անդամները խնդրո առարկա հայտարարությամբ կատարել են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով կարգավորվող՝ «Թուրքական ազգին, պետությանը, խորհրդարանին, կառավարությանը և դատական մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» հանցանք, դատախազությունը պնդել է, որ կասկածյալների արդարացումը, թեև նրանք պետք է պատժվեին, հակասում է ընթացակարգին և օրենքին։

Դատախազությունն իր առարկության մեջ միջնորդել է չեղյալ համարել Դիարբեքիրի 9-րդ քրեական դատարանի արդարացման որոշումը՝ «ձևական և էական օրինախախտումերի» պատճառով։

https://artigercek.com/guncel/savcilik-ermeni-soykirimi-davasinda-verilen-beraat-kararina-itiraz-etti-287746h

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net