Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին: Հիշեցնենք, որ շփման գծում իրավիճակը սրվել էր երեկ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր զինծառայող:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` շփման գծում տևական ժամանակ իրավիճակը հանգիստ էր, լարվածություն սկսվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսեց զորավարժություններ, որին Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան տվեց: Եվ արդեն երեկ լարվեց իրավիճակը, որի դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, քանի որ գործ ունենք անկանխատեսելի վարքագիծ ու ոչ չափելի տրամաբանություն ունեցող հակառակորդի հետ:
Արծրուն Հովհաննիսյանը դրդապատճառների թվին է դասում Ադրբեջանի հետ կապված սկանդալը, որ Ադրբեջանը ներգրավված է միջազգային ահաբեկչությանը աջակցելու գործում: Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը որդեգրել է սադրանքներին արձագանքելու մարտավարությունը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դա ոչ այնքան մարտավարություն է, որքան մոտեցում, քանի որ եթե վիճակը սահմանին հանգիստ է, ապա հայկական կողմը չի պատրաստվում հրետանիով կրակ բացելով` լարել վիճակը:Իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիճակն է թելադրում ինչ անել, և այստեղ չկա պատասխանող կողմ:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից քաղաքացիական մարդկանց շրջանում կորուստների, մասնավորապես երկու տարեկան երեխայի զոհվելու տեղեկությանը, ապա Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմի արձագանքները վայել էին իսկական զինվորականի: Հայկական կողմը հայտարարեց, որ եթե երեխայի մահը կապված է իրենց գործողությունների հետ, ապա ցավում են դրա համար:
Սակայն հաջորդ օրը հակասական տեղեկություններ եղան, կասկածներ սփռելով, որ գուցե դա շինծու տեղեկատվություն էր, որովհետև հիմնավոր չհաստատվեց, որ երեխայի զոհվելը եղել է հայկական կողմի կրակի հետևանքով: Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` Ադրբեջանը մեծ ջանքեր թափեց, տարածելով մահացած երեխայի նկարները և փորձելով արդարացնել էսկալացիան: