կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 14:55
Քաղաքական

Չենք ասել՝ այս օրենքը պետք չէ. Արծվիկ Մինասյան

Չենք ասել՝ այս օրենքը պետք չէ. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսoր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ ջուր բաց թողնելու նախագծին: Նա նշեց, որ կարևոր է, որպեսզի Սևանից ջրառ իրականացնելը կամ Սևանից օգտվելու կանոնները օրենքով հստակ սահմանվեն: Նախարարն ընդգծեց, որ թեև բազմաթիվ օրենսդրական կանոններ ունենք, բայց դեպքեր կան, որ կարգավորված չեն:

«Սևանից ջուր վերցնելը և Սևանին վերադարձնելը ի՞նչ կանոններով, ի՞նչ մեխանիզմներով պետք է իրականացվի: Մենք այս կարգավորումները դեռ լիարժեք չունենք, և մեր նպատակն է, որպեսզի օրենսդրական վերանայումների արդյունքում նաև այսպիսի հարցերը կարգավորենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ կոչով դիմել է նաև հասարակական սեկտորին, որպեսզի ներգրավվեն այսպիսի քննարկման մեջ:

Դիտարկմանը՝ ի վերջո, ինքը դեմ է եղել այս նախագծին, Մինասյանը պատասխանեց, որ ցանկացած որոշում, որպեսզի համապատասխանի կայունության սկզբունքին, պետք է երեք պարամետր հաշվի առնի՝ էկոլոգիական, տնտեսական և սոցիալական:

«Ամեն ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունները տվել են իրենց տեսակետները, որին համապատասխան էլ կայացվել է որոշումը: Այնպես որ` այդ որոշումը դիտարկել որպես ինտրիգ կառավարության անդամների միջև կամ կոալիցիայի մեջ ճեղք գտնել, սխալ է»,- շեշտեց նա:

Նախարարն ընդգծեց, որ իրականում շատ լավ է, որ արդյունավետ քննարկում է տեղի ունենում, արդյունավետ տեսակետների բախում է տեղի ունենում, որպեսզի որոշում կայացնողն էլ նկատի առնի այդ ամենը:

Մինասյանը նշեց, որ դեմ չի եղել 100 մլն խորանարդ հավելյալ ջրի բացթողնմանը Սևանա լճից: «Մենք ասել ենք շատ պարզ բան` օրենքը նախատեսում է 170, բայց նաև բացառություն է նախատեսել հավելյալ ջրառ իրականացնելու մասով, սակայն շատ կարևոր է, որ այդ հավելյալը հիմնավորված լինի օրենքով նախատեսված հիմքերով հստակ ձևակերպման հիման վրա: Այն լինի վերահսկելի տիրույթում և, իհարկե, ռիսկ չպարունակի էկոհամակարգի տեսակետից»,- ասաց նա, ապա նշեց, որ արել է ընդամենը սահմանադրական իր պարտականությունը՝ էկոհամակարգի վերաբերյալ տվել է հնարավոր բացասական ազդեցության մասին կարծիք, և որ բուն օրենքի վերաբերյալ չեն ասել` ոչ, այս օրենքը պետք չէ:

«Մենք ինչո՞ւ ենք ասել, որ հնարավոր է բացասական զարգացում, որովհետև նախորդ երկու փորձը ցույց է տվել` բացասական հաշվեկշռում ենք հայտնվել Սևանի մասով: Դրա համար տվել ենք այս հավանականությունը` միևնույն ժամանակ, շատ կարևոր համարելով այն, որ դրական հաշվեկշռի ապահովումը, այնուամենայնիվ, պետք է լինի այս գործողության տրամաբանական ընթացքը»,- եզրափակեց նախարարը: