կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 16:04
Տնտեսական

«Շահութահարկի մասին» օրենքը չի պատասխանում բազմաթիվ կարևոր հարցերի. Արծվիկ Մինասյան

«Շահութահարկի մասին» օրենքը չի պատասխանում բազմաթիվ կարևոր հարցերի. Արծվիկ Մինասյան
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկում էր «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շահութահարկի նվազեցում այն կազմակերպությունների համար, որոնց բանկային հաշիվներին արտահանումներից մուտքերը կլինեն 50 միլիոն և ավելի դրամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի գաղափարը լավն է, քանի որ հարկային արտոնություն է սահմանում արտահանող կազմակերպությունների համար, սակայն հիմնավորումները բազմաթիվ հարցեր են առաջադրում:


«Խնդիրն այլ բանի մեջ է` ցանկացած լավ գաղափար կարելի է աղավաղել, եթե հիմնավորումը պատշաճ չլինի: Փաթեթում ներկայացված հիմնավորումները չեն պատասխանում բազմաթիվ հարցերին: Իսկ հիմնավորումները պետք է խորքային ու հայեցակարգային լինեին»,- ասաց պատգամավորը` ներկայացնելով իր մտահոգությունները:


«Արդյո՞ք այսօր մեզ միայն արտահանող կազմակերպության խնդիրն է հուզում, որ տնտեսությունն աճի: Առաջարկվում է ծառայություն մատուցող կազմակերպություն ստեղծել, սակայն շղթան ամբողջությամբ չի ներկայացվում: Արտադրության պրոցեսից սկսած` մինչև արտահանում եղած խնդիրները պետք է դիտարկվեն, որ գաղափարն աշխատի, հակառակ դեպքում` խնդիրներ կարող են առաջանալ: Ծառայություն մատուցող կազմակերպությունը դառնում է մոնստր, ոչ մի կազմակերպություն չի մտնում այդ դաշտ: Արդյունքում` տնտեսությունը չի շահի, այլ կտուժի»,- ասաց պատգամավորը:


Նա նաև տարակուսեց, որ օրենքի փաթեթում ազդեցության գնահատականների մեջ մրցակցության ազդեցությունը չեզոք է գնահատվում, չի ներկայացվում որակի վերահսկողության համակարգը:


«Ունի՞ կառավարությունը մեխանիզմ, որ, օրինակ, անորակ կոնյակ չարտադրվի ու գցի հայկական կոնյակի պատիվն ու անունը: Որակական հսկողության բացակայության պատճառով մեր ապրանքները չեն դիմանում մրցակցությանը: Հարկավոր է որակի վերահսկողության համակարգ ստեղծել, դա օրենքի փաթեթում բացակայում է: Արդյո՞ք շահութահարկով տրվող արտոնությունը մեզ մոտ համարվում է լավագույն խթանման ձև, չէ՞ որ ամենաքիչ հարկային մուծումներից մեկը շահութահարկով մուծումներն են, ուստի ի՞նչ պետք է տա այդ արտոնութունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: