Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր» համաժողովի շրջանակում: Ֆորումն անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև՝ 2017 թ. փետրվարին Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: 
Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր»-ի անցկացումը, ինչը կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը և առկա ներուժի լիարժեք իրացման նոր հնարավորություններ կստեղծի: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում տնտեսական և գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Գիորգի Գախարիան իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը, և վրացական կողմը լիովին համակարծիք է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու առաջարկության հետ: Այս համատեքստում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ այսօր կայացած քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները: 
Կարեն Կարապետյանը և Գիորգի Գախարիան մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջային ծրագրերի իրականացման, երկկողմ մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման նպատակով համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:
 
| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 |