կարևոր
838 դիտում, 1 օր առաջ - 2025-01-26 17:18
Աշխարհ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այս գիշեր երկրորդ անգամ խախտել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը՝ Իսրայելին չներկայացնելով առաջին փուլի մնացած ժամանակահատվածում ազատ արձակվող պատանդների կարգավիճակի մանրամասն նկարագրությամբ ցուցակը, հայտնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ մինչ այժմ 33 պատանդներից յոթը ազատ են արձակվել անվտանգության ծառայությունների կողմից գերեվարված մոտ 300 պաղեստինցի բանտարկյալների դիմաց գործարքի շրջանակներում։

Համաձայն գործարքի պայմանների, պաղեստինյան խմբավորումը պետք է մինչև շաբաթ օրվա վերջը Իսրայելին հայտներ, թե ցուցակի մնացած 26 պատանդներից, որոնք բոլորն էլ պատկանում են այսպես կոչված «մարդասիրական» կատեգորիայի՝ կանանց, երեխաների, տարեցների և տկարների, քանիսն են ողջ։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են, որ Թել Ավիվը թարմացված տեղեկատվություն չի ստացել, և որ այն չտրամադրելը համաձայնագրի խախտում է:

Իսրայելը շաբաթ օրը հայտարարել է, որ թույլ չի տա տեղահանված պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հյուսիս, քանի որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարի և պատանդների գործարքի պայմանները՝ չազատելով  քաղաքացիական գերուհի Արբել Յեհուդին: ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել իր կողմից 477 օր պատանդ պահված չորս կին զինվորների՝ Կարինա Արիևային, Դանիելլա Գիլբոային, Նաամա Լևիին և Լիրի Ալբագին, չնայած պայմանավորվածությանը, որ բոլոր ողջ մնացած քաղաքացիական կանայք պետք է ազատ արձակվեն զինվորներից առաջ:

Իր հերթին, քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ իսրայելական զինված ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող իրենց տները վերադառնալու փորձ կատարող պաղեստինցիների վրա, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է սպանվել, իսկ ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հրադադարի համաձայնագրի պայմանների կատարումը ձգձգելու մեջ: