Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է թուրքական կործանիչների՝ Հունաստանի օդային տարածքի խախտումը Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքի մոտ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը դրանից հետո հայտարարել է, որ Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային տարածքը Էգեյան ծովում։
Հունական գերատեսչության տվյալներով՝ թուրքական կործանիչները աննախադեպ կերպով խախտել են երկրի օդային տարածքը՝ մոտենալով Ալեքսանդրուպոլիսին 2,5 ծովային մղոնով։ Հունաստանն ասել է, որ Անկարան «խաթարում է ՆԱՏՕ-ի համախմբվածությունը և անմիջական առաջնահերթությունները ու ակնհայտ վտանգ ներկայացնում ԵՄ-ի համար «կրիտիկական պահին»: Նշվում է, որ Ալեքսանդրուպոլիսը «դաշնակիցների ամրապնդման առանցքային տրանսպորտային հանգույց է»։ Նավահանգիստից օգտվում է ՆԱՏՕ-ն՝ տանկեր և այլ ծանր ռազմական տեխնիկա Արևելյան Եվրոպայի երկրներ ու Ուկրաինա տեղափոխելու համար։
Բիլգիչն, իր հերթին, հայտնել է, թե մայիսի 16-ին «Հունական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային տարածքը» Գյոքչեադա կղզուց արևմուտք, իսկ մայիսի 17-ին՝ Էնեսից արևմուտք»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը «անհրաժեշտ պատասխան են տվել մայիսի 18-ին այդ սադրիչ խախտումներին՝ փոխադարձության և փոխազդեցության կանոններին համապատասխան»։
Թուրքիան կարծում է, որ «Հունաստանը կրկին փորձում է միջազգային հանրությանը տրամադրել» Թուրքիայի դեմ։ Անկարան «մերժում է անհիմն մեղադրանքներ» և «դատապարտում է Հունաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումները»։ Բիլգիչն ասել է, որ Հունաստանը «պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները Էգեյան ծովում և լրջորեն վերաբերվի վստահության ձևավորմանը ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի ներսում, ինչից խուսափում է արդեն մեկ տարի»:
Հիշեցնենք, որ երկու երկրներն էլ դարձել են ՆԱՏՕ-ի անդամ 70 տարի առաջ՝ 1952 թվականին: Ի դեպ, Թուրքիան և Հունաստանն ընդունվել են «մեկ փաթեթով»։ Անցյալ շաբաթ Էրդողանը, մեկնաբանելով Թուրքիայի գլխավոր տարածաշրջանային հակառակորդի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, ասել էր, որ դաշինքը «սխալ է թույլ տվել Հունաստանի հետ կապված»։ «Դուք տեղյակ եք Հունաստանի վարքագծին Թուրքիայի նկատմամբ դաշինքում։ Մենք չենք ուզում երկրորդ սխալն անել»,- ընդգծել է Էրդողանը՝ նկատի ունենալով Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները։