2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) դարձել է Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Պոկում վարժությունում բարձրացնելով 191 կգ, իսկ հրում վարժությունում 235 կգ՝ Ս. Մարտիրոսյանը երկամարտում հավաքել է 426 կգ միավոր և առաջ անցել բոլոր մրցակիցներից։
Նշենք, որ նախօրեին երկամարտի 365 կգ արդյունքով առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Աղջիկներից Սոնա Պողոսյանը (75 կգ), երկամարտում ցուցաբերելով 223 կգ արդյունք, նույնպես դարձել է բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդական հավաքականը Տոկիո էր մեկնել Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ), Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան (85 կգ) և Դավիթ Հովհաննիսյան (85 կգ) կազմով: