Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողներին ասաց, որ կառավարության ծրագրի ներկայացմանը նախորդել է լայնածավալ աշխատանք, ախտորոշվել է մեր տնտեսության և պետության գործունեության մնացած ոլորտներում առկա վիճակը:
Նրա խոսքով` վերհանվել են այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի առաջընթացին և զարգացմանը:
Պատգամավորը նաև նշեց, որ ծրագիրը չափազանց իրատեսական է: «Կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ժամկետայնության չափազանց բարձր մակարդակ ունի, հստակ սահմանված է, թե որ տարվա ընթացքում ինչ պետք է արվի և ինչպիսի զարգացում պետք է ապահովվի: Սա կարևոր է, քանի որ մենք խորհրդարանական համակարգի ենք անցել, այսպես խորհրդարանը բարձրացնում է իր վերահսկողական գործառույթները, և ահա այսպիսի որակի փաստաթուղթը, որում բավականին հստակ ներկայացված են ծրագրերի իրականացման ժամկետները, լուրջ հնարավորություն է տալիս, որպեսզի խորհրդարանը կարողանա միշտ ձեռքը պահել զարկերակի վրա և հասկանալ` արդյո՞ք այն ծրագրերը, որոնք ներկայացված են, իրականացվում են, և արդյո՞ք հետ չեն ընկնում այն ժամանակացանկից, որը նախատեսված է եղել ի սկզբանե»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով` ներկայացվել է ծրագիր, երբ արդեն այս տարվա բյուջեի կատարման հետ կապված ունենք առաջին եռամսյակի ցուցանիշները և մոտենում ենք այն բանին, որ շուտով կունենանք այս կիսամյակի ցուցանիշները:
«Եթե մենք նախորդ տարվա ավարտին սահմանեցինք, որ մենք այս տարվա սկզբին պետք է ունենանք համախառն ներքին արդյունքի 3.2 % աճ, ապա առաջին եռամսյակի արդյունքները բավականին գերազանցում են այդ ցուցանիշը, մենք ունենք համախառն ներքին արդյունքի 6.5% աճ առաջին եռամսյակում: Տնտեսության աճի ցուցանիշը առաջին 5 ամիսների համար եղել է 6.4»,- ասաց նա, ապա հավելեց, որ այս բարձր տնտեսական աճի պարագայում մենք ունենք հարկային եկամուտների հավաքագրման առաջանցիկ աճ:
Ըստ պատգամավորի` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հարկային և մաքսային ծառայությունները իրականացնում են լայնամասշտաբ աշխատանք` ֆինանսների տեղափոխում ստվերից դեպի տնտեսություն:
Հարցին` եթե ծրագիրն այդքան լավն է, ինչո՞ւ ընդդիմությունը դեմ քվեարկեց, Մինասյանը պատասխանեց, որ ծրագիրը 64 կողմ ձայնով հաստատվել է: «Ընդդիմությունը հենց դրա համար էլ ընդդիմություն է. եթե ընդդիմությունը կողմ քվեարկեր իշխանության ներկայացրած ծրագրին` 5 տարվա համար, ապա ստիպված պետք է բացատրեր, թե ինչու է ինքը ընդդիմություն»,- նշեց նա: