կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 21:36
Տնտեսական

Գործարարներին ներկայացվեցին ԵՄ «GSP+»-ի կիրառման hնարավորությունները

Գործարարներին ներկայացվեցին ԵՄ «GSP+»-ի կիրառման hնարավորությունները

Հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» («GSP+») նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում: Հանդիպման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել «GSP+»-ի կիրառման ընդլայնմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Եվրոպական Հանձնաժողովի «GSP+» հարցերով համապատասխան պատասխանատուները և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ գործարար համայնքի, կազմակերպությունների, ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը (EU Export Helpdesk), արտահանողների ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը («Registered Exporter System»-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտ պահանջներն ու գրանցման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին հայկական և եվրոպական կողմի ներկայացուցիչները պատասխանեցին մասնակիցների կողմից հնչեցված հարցերին:

Լրացուցիչ տեղեկատվություն

2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ կողմից կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար տրամադրվող նոր «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմից: Համակարգից օգտվելու հիմնական պարտադիր պայման է շահառու երկրի անդամակցությունը մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաներին, ինչպես նաև շահառու երկրի կողմից այդ կոնվենցիաների հետագա արդյունավետ իրականացումը:

«GSP+» առևտրային ռեժիմը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ին տեղական ծագման ավելի քան 6400 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: