կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 15:33
Քաղաքական

Իմ տպավորությամբ` վարչապետն անհավես չէր. Արփինե Հովհաննիսյան

Իմ տպավորությամբ` վարչապետն անհավես չէր. Արփինե Հովհաննիսյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով «ինչու կառավարության ծրագրում դրայվ չկար» հարցին, ասաց, որ ծրագրային փաստաթղթերի վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ունի:

«Յուրաքանչյուրը կարող է գտնել այնտեղ այն, ինչը ինքն ուզում է, և կարող է գտնել այն, ինչ ինքն ուզում է քննադատել»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ինչո՞ւ դրայվ չկա, դրանք գեղեցիկ ձևակերպումներ են, որ կարելի է գեղեցիկ խոսքի համատեքստում կառուցել և ասել` այս չկա, այն չկա»:

Հովհաննիսյանը նշեց` քանի որ նախորդ ծրագրի անմիջական պատասխանատուներից մեկն է եղել, ապա կարող է ասել, որ նախորդ ծրագիրն ամբողջությամբ կատարված է, և որ այս նոր ծրագրի հիմքը նախորդ ծրագրի կատարումն է:

«Ունեցել ենք 8,4` սեփական եկամուտների աճ, որը նշանակում է` մենք ունենք 57 միլիարդ դրամով ավելի գումար, քան կանխատեսել էինք: Մենք չունեինք այդ գումարը տարվա սկզբին, մենք չգիտեինք, որ այդ գումարն ունենալու էինք, կանխատեսել էինք այլ թիվ: Մենք այդ մասին գիտեինք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, բայց որևէ հանրապետականի կողմից սա չհնչեցվեց, որովհետև կասեիք՝ քարոզարշավ է, սկսեցիք հանկարծ նման բան ասել»,- ասաց նա ապա հավելեց, որ այդ գումարն ապահովվել է ոսկերչության ոլորտում աճով, ինչպես նաև հարկային հավաքագրումով:

Հարցին` պատգամավորները նկատեցին, որ վարչապետն անհավես էր, տրամադրություն չուներ, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես կոռեկտ չեմ համարում դա մեկնաբանելը: Վարչապետն ինքը պատասխանեց, որ, ոչ, անհավես չէ: Իմ տպավորւթյամբ` այդպես չէր, իմ տպավորությամբ` նա ծրագիրն էր ներկայացնում»: