Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԿՄ համագումարը տպավորիչ էր, մասնակցում էր 2000-ից ավելի մարդ: Թեև առաջին հայացքից համագումարի կազմն ու կառուցվածքը մի քիչ հետաքրքիր էին` ներկաների 15-20 տոկոսն էին իսկապես երկրապահներ, 60-70 տոկոսը երկրապահների հետ որևէ առնչություն չունեին, 15-20 տոկոսն էլ, թերևս, երկրապահի հակառակն էին. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԵԿՄ համագումարի մասին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
ԵԿՄ համագումարն ընտրեց 121 հոգանոց խորհուրդ` ղեկավար մարմին, բայց, Աղվան Վարդանյանի խոսքով, հայտնի չէր, թե այդ 121 երկրապահների ո՞ր տոկոսն էին կազմում իրական երկրապահները:
Նա նշեց, որ ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն ուղերձները, որոնք վերաբերում էին ԼՂ խնդրին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը և սպառնալիքներին, շատ տեղին էին: Միևնույն ժամանակ, ըստ Աղվան Վարդանյանի, տարօրինակ էր, հասարակական կազմակերպության նման համագումարում հարցերին պատասխանելու նախադեպը: «Իհարկե, հանրապետության նախագահը կարող է ցանկացած վայրում ու ցանկացած ֆորմատով ելույթ ունենալ, բայց ինչ-որ մի արհեստականություն կար նախապատրաստված հարցուպատասխանի ձևաչափում»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահի` մի շարք հարցերի հետ կապված գնահատականները Դաշնակցությունը չի ընդունում, մասնավորապես` կուտակային համակարգի, տնտեսության վիճակի վերաբերյալ և այլն: «Մենք` որպես քաղաքական կուսակցություն, մեր մոտեցումները շարադրում ենք հրապարակային ու բաց: Դաշնակցությունն իր ամբողջ գործունեության ընթացքում երբեք ցեխ շպրտող չի եղել: Մենք փորձել ենք խոսել փաստարկներով ու հիմնավորումներով: Մենք իդեալական չենք ու 100 տոկոս ճշմարտությանը չենք տիրապետում, բայց այն հարցերին, որոնք մենք անդրադառնում ենք, փորձում ենք դրանք խորը ուսումնասիրել»,- ասաց Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե կան քաղաքական ուժեր, որոնք ցեխ են շպրտում այն բարեփոխումների վրա, որոնք իրականացնում է իշխանությունը:
Պատգամավորի խոսքով` չկա մի հարթակ, որտեղ հնարավոր լիներ տարբեր տեսակետները ներկայացնել ու բանավիճել, և չլինի այնպես, որ եթե կա քաղաքական մեծամասնություն, ուրեմն ինքը 100 տոկոսով տիրապետում է ամեն ինչին ու բացարձակ ճիշտ է: Ուստի, ըստ նրա, Հայաստանի քաղաքական դաշտին պակասում է հենց այդ հարթակը, ուր կլինի բանավեճ, և կողմերը կներկայացնեն իրենց մոտեցումները: Պատգամավորը հավելեց, որ նույն իշխող մեծամասնության մասնակիցներից ոմանք ևս համագումարից ծանր տպավորություն ունեին:
«Դաշնակցությունը շարունակելու է իր գործունեությունը, և մենք փորձելու ենք մեր ակտիվությամբ այդ հարթակը ձևավորել»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ երկրում կան արմատական լուծում և համատեղ աշխատանք պահանջող խնդիրներ:
Պատասխանելով հարցին` արդյոք կա՞ն սպասելիքներ, որ կուտակային կենսաթոշակային ռեֆորմը որոշակի փոփոխությունների կենթարկվի, նա պատասխանեց, որ, ճանաչելով կառավարության մտասևեռումը` «բարեփոխումների» առումով, կլինեն շատ մասնակի լուծումներ, ինչը չի փոխելու խնդրի էությունը:
«Երբ նախագահն ասում է, որ մենք գիտենք, որ բնակչության 80 տոկոսը դեմ է այս բարեփոխմանը , բայց այն անհրաժեշտ բարեփոխում է, սա ինքնին ճիշտ ձևակերպում չէ: Որովհետև եթե որևէ հարցին դեմ է բնակչության 80 տոկոսը, չի նշանակում, որ 20 տոկոսի համար կարող է հարց որոշվել, այն էլ` 30-40 տարվա համար»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ կենսաթոշակային բաեփոխումները անհրաժեշտ են, սակայն այն սցենարը, որ այժմ իրականացվում է, երկրին որևէ լավ բանի չի հանգեցնելու: