կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 21:36
Հասարակություն

Լոքյանն այցելել է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ. արդեն կան հաջողություններ

Լոքյանն այցելել է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ. արդեն կան հաջողություններ

Ինչ կարող են անել մի քանի գյուղեր, եթե միավորվեն: Նման 18 խոշորացված համայնքների օրինակներ արդեն ունենք եւ գործընթացը շարունակվում է: Հայեցակարգն ընդունվել է դեռեւս 2011 թվականին եւ այսօր էլ կառավարությունում վստահեցնեում են` խոշորացումն անհրաժեշտ է համայնքների զարգացման ապահովման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Շիրակի մարզի նմանատիպ համայնքների ղեկավարներ  տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները:

Դավիթ Լոքյանի Շիրակի մարզ աշխատանքային այցի առաջին կանգառը Ամասիա խոշորացված համայնքն էր: Բազմաթիվ  հարցեր  լուծվել են ընդամենը մի քանի ամիսների ընթացքում: Արեգնադեմ, Բանդիվան, Ամասիա, Գետաշեն, նաեւ սամանամերձ Ողջի բնակավայրում  լուսավորության խնդիրը տարիներ շարունակ անլուծելի էր թվում:

Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը պարբերաբար այցելում  է համայնքի բնակավայրեր: Այսօր իրականացվում է Ամասիայի բազմաբնակարան շենքերի մուտքերի լուսավորումը, ճանապարհների հարցն էլ օրակարգում են պահում:

«Ողջիից-Ամասիա 12 կմ երկարությամբ հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային  եղանակով»,- ասաց Ջեմմա Հարությունյան:

Մի քանի գյուղերի բնակիչներն այլեւս կարիք չունեն  ժամանակ վատնել որեւէ տեղեկանքի համար: Խոշորացված բոլոր համայնքներում գործող քաղաքացիների սպասարկման  կենտրոններում ցանկացած տեղեկանք ստանալը կամ վճարումներ անելը րոպեների հարց է:

Բանդիվանի ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայել, բայց դեռեւս` քիչ քանակությամբ: 2007 թվականից են աշխատում, արտադրված կաթհամթերքը սպառում են մարզերում եւ Երեւանում: Այստեղ նաեւ  անասնաբուծությամբ են զբաղվում: Բանդիվանցիները կառավարություն են ներկայացրել սպանդանդանոց կառուցելու առաջարկ: Այս,  ինչպես նաեւ միջհամայնքային ճանապարհների, ոռոգման ջրի ու  համայնքային այլ հարցերը  նախարարը քննարկեց հենց տեղում կազմակերպված խորհրդակցության ընթացքում:

Արփի լճում  նախատեսվում է  տուրիստական կլաստեր ստեղծել: Արփի համայնքի բնակավայրերի համար այս ծրագիրը կարող է զարգացման նոր խթան լինել: Բայց այստեղ չեն սպասում, աշխատում են,  սպասարկման նոր կենտրոն են կառուցում, մի շարք համայնքներում արդեն լուսավորություն ունեն, բարեկարգվել են  միջհամայնքային ճանապարները:

Արտանիշում նույնպես կաթի վերամշակմամբ են զբաղվում,  տարեկան 12 տոննա արտադրանք են տալիս, նաեւ արտահանում: Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Սարապատ համայնքի կենտրոն Թորոս գյուղն էր: Այստեղ տարիներով չլուծված խնդիրները միասին են լուծում`ձեռք ձեռքի տված: