Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` արդեն նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է այս գործով մեկ այլ մեղադրյալ` փաստաբան Էդվարդ Չինարյանի նախաքննական ցուցմունքը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ Չինարյանը մեղադրվում է իր վստահորդի անունից դատավորին կաշառք տալու հարցում օժանդակելու` ՀՀ ՔՕ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար: Նրա և նրա վստահորդ Ռոբերտ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ կաշառք «ստացած»` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն ու դատավոր Վ. Վարդանյանը կալանավորված են:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Էդվարդ Չինարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ հիշյալ գործի վերաբերյալ. «Գործի հետ կապված ոչ մի հարց մի տվեք»,- ասաց նա:
Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է ցուցմունք տալ: Պաշտպանի խոսքով` սակայն փաստաբան Չինարյանի ցուցմունքը Վարդանյանին մեղսագրվող արարքին վերաբերելի չէ, քանի որ Չինարյանի ցուցմունքում կոնկրետ իր պաշտպանյալի կողմից կաշառք ստանալու կամ չստանալու վերաբերյալ խոսք չկա: Հակոբյանի խոսքով` գործում առկա է 275 սկավառակ, որոնք ներքին և արտաքին դիտման տվյալներ են պարունակում:
Նշենք, որ նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու երկու դեպք: Դրանցից մեկով, ըստ գործի նյութերի` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին տրվել է 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ մյուսով` Պետրոսյանին ու նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք: Վերջին դրվագը վերաբերում է անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար պայմանավորված` ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար տրված կաշառքին:
Արդարադատության խորհրդի համապատասխան որոշման մեջ մանրամասն նկարագրված է կաշառք տալու նախապատրաստության և այլ կարևոր հանգամանքների մասին: Համաձայն պաշտոնական աղբյուրում հրապարակված տվյալների` նախաքննություն իրականացնող մարմնի կողմից բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Ռոբերտ Գրիգորյանը 2017թ. հունվար ամսին դիմել է փաստաբան Էդվարդ Չինարյանին` խնդրելով իրավաբանական օգնություն ցույց տալ Ձորագյուղ համայնքի տարածքում գտնվող և իրեն պատկանող հողատարածքի հետ կապված որոշակի խնդիրների հարցով: Ստանձնելով Ռ. Գրիգորյանի տիկնոջ` Զարիկ Գրիգորյանի ներկայացուցչությունը` Է. Չինարյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի անվամբ դիմում է պատրաստել` խնդրելով պարզաբանում տալ, թե ինչու 2006թ. կայացված վճռով սահմանված սեփականության իրավունքի չափը չի համապատասխանում կից հատակագծով սահմանված հողատարածքի մակերեսի, և միաժամանակ խնդրելով պարզաբանել նաև` արդյո՞ք հատակագծում նշված հավելյալ հողատարածքը պատկանում է Զարիկ Գրիգորյանին: 2017թ. փետրվարի 27-ին Է. Չինարյանը, Ռ.Գրիգորյանը և վերջինիս որդին ուղևորվել են դատարանի Գավառի նստավայր: Այստեղ, ըստ գործի նյութերի, Է. Չինարյանը մտել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, որտեղ նրան բացատրել է իրենց խնդրի բնույթը, իսկ Աղվան Պետրոսյանը միաժամանակ ուսումնասիրել է դիմումը և կից նյութերը, ինչից հետո ասել է, որ ինքն այլևս քաղաքացիական գործեր չի լսում, զբաղվում է միայն քրեական գործերով, ուստի պետք է դիմումն ուղարկի Մարտունի քաղաք: Ապա ավելացրել, որ Մարտունու նստավայրի դատավորը` Վանիկ Վարդանյանը, քիչ անց գալու է իր մոտ, և գործերը անմիջապես կտա նրան:
Մոտ 30 րոպե անց եկել է Վ. Վարդանյանը, սակայն մինչ նրա` Ա. Պետրոսյանի աշխատասենյակ մտնելը Աղվան Պետրոսյանը Է. Չինարյանին հարցրել է, թե քննարկվող հարցը լուծելու համար նրա վստահորդը ինչ է տալու: Է. Չինարյանը, հասկանալով, որ Ա. Պետրոսյանը գումար է ուզում, պատասխանել է, որ տեղյակ չէ, և առաջարկել էիջնել ներքև և Ռ. Գրիգորյանից հարցնել, թե որքան գումար է պատրաստ տալ: Վանիկ Վարդանյանի` Գավառի նստավայր գալուց հետո Ա. Պետրոսյանը նրան ծանոթացրել է Է. Չինարյանի հետ` ասելով, որ նա իր հազար տարվա ընկերն է: Ա. Պետրոսյանը ուսումնասիրության նպատակով Վանիկ Վարդանյանին տրամադրել է նաև Է. Չինարյանի դիմումը և կից նյութերը:
Վանիկ Վարդանյանը, իրեն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից եզրակացնելով, որ վճռի պարզաբանման հիմքերը բացակայում են և բացառում են վճռի պարզաբանում տալու իրավական հնարավորությունը, Էդվարդ Չինարյանին ասել է, որ վճռի կատարումից, մասնավորապես` իրավունքի գրանցումից հետո, վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չէ: Աղվան Պետրոսյանը առաջարկել է, որ Է. Չինարյանի վստահորդը կադաստրից գրություն բերի, թե իբր գրանցումը չի կարող կատարվել, որպեսզի վճռի պարզաբանման հիմքը օրինական լինի:
Չինարյանն իր վստահորդին է փոխանցել Ա. Պետրոսյանի խոսքերը և նրա կողմից ներկայացված գումարի պահանջը, ինչից հետո Ռ. Գրիգորյանը հեռացել, ապա, մոտ մեկ րոպե անց մոտենալով Է. Չինարյանին, տվել է 120.000 ՌԴ ռուբլի գումար, որ այն փոխանցի դատավորին: Է. Չինարյանը, վերցնելով գումարը, գնացել է Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, ապա Աղվան Պետրոսյանի ուղեկցությամբ մտել է հանգստի սենյակ, որտեղ նրան տվել է Ռ. Գրիգորյանի տված 120.000 ՌԴ ռուբլի գումարը` ասելով, թե ռուսականով է: Աղվան Պետրոսյանը, վերցնելով գումարը, հարցրել է, թե ինչքան է, իսկ Է. Չինարյանը պատասխանել է, որ «120.000 ռուբլի»:
Դրանից հետո Ա. Պետրոսյանը Է. Չինարյանին վերադարձրել է 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամներ` ասելով, որ վերցնի: Է. Չինարյանը պատասխանել է, որ պետք չէ, ամոթ է, սակայն Ա. Պետրոսյանը պնդել է` ասելով. «Ճիշտը էդ ա»: Հետո 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամները խցկել է Է. Չինարյանի վերնաշապիկի գրպանը: Դրանից հետո վերադարձել են աշխատասենյակ, որտեղ պայմանավորվել են նիստի օրվա և ներկայացվելիք փաստաթղթերի մասին: Ապա Աղվան Պետրոսյանը, վերցնելով թղթադրամները, հաշվել և ասել է` հիսուն հինգ հազար` քեզ, հիսուն հազար` ինձ, և կաշառքի գումարի համապատասխան մասը տվել է Վ. Վարդանյանին:
2017թ. մարտի 3 -ին Վ. Վարդանյանը կայացրել է իր և Աղվան Պետրոսյանի հետ համատեղ նախնական համաձայնությամբ ստացված կաշառքի դիմաց խոստացված դատական ակտը` վճռի պարզաբանումը, որի հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է Զ. Գրիգորյանի սեփականության իրավունքը նաև վերը նշված ինքնակամ զավթած 0.09 հա հողատարածքի նկատմամբ: