Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
-Արտա'կ, ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։
-Տղաների տրամադրությունը բարձր է, և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։
-Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, և Ձեր անցումից ու գոլից հետո կարծես «սառույցը կոտրվեց»։ Ի՞նչ կասեք մրցակցի մասին։
-Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Վաղը դժվար հանդիպում է սպասվում։ Ինչ վերաբերում է իմ անցմանը, ապա դա թիմային խաղ է, ինձ համար նշանակություն չունի, թե ով դա կանի` ես կամ մեկ այլ ֆուտբոլիստ։ Մենք թիմով ենք հաջողության հասնում։
- Պարո'ն Պետրոսյան, Չեռնոգորիայի դեմ խաղը ձեր առաջին հանդիպումն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այն շատ էմոցիոնալ էր, այժմ կրքերն անցել են։ Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից։
-Առաջին արտագնա հանդիպումն է։ Արտակի հետ միանգամայն համաձայն եմ, շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասվում։ Իհարկե, ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի, և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։
-Ո՞ր հաշիվը կբավարարի ձեր թիմին
-Մեզ համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խաղից հետո։
-Հավաքականը գլխավորելուց հետո Դուք առաջին անգամ հնարավորություն ունեցաք ավելի երկար աշխատել թիմի հետ, ավելի երկար մարզական հավաք անցկացրեցիք, նաև ընկերական խաղ եղավ` փորձարկումներ անելու համար։ Արդյո՞ք հաջողվեց այս ընթացքում նոր տակտիկական սխեմաներ մշակել և ձեր մարզչական ձեռագիրը հասցնել թիմին։
-Իմ կարծիքով` այս տասն օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Ինչ վերաբերում է խաղային ձեռագրին, հուսով եմ` վաղը կտեսնենք։
-Արդյո՞ք Դուք կարծում եք, որ երեք անընդմեջ հաղթանակներից հետո ունենալու եք հոգեբանական առավելություն։
-Կարծում եմ` այո։ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Մենք գիտենք այդ մասին, քանի որ կարդացել ենք Չեռնոգորիայի մամուլը։ Իհարկե, ցանկացած հաղթանակ վստահություն է ներշնչում, այսինքն` ավելացնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ։
- Առաջին խաղում Ստեֆան Յովետիչը շատ վտանգավոր էր գործում և անընդհատ սպառնում էր դարպասին։ Արդյո՞ք Դուք մտադիր եք անհատապես հսկել նրան։
- Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։ Այն, որ Յովետիչը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, կասկած չկա։
- Վերջին շրջանում Ձեր հարզազրույցներում Դուք մեծ վստահություն եք ցուցաբերում։ Պարտության դեպքում արդյո՞ք պահապնելու եք այդ ինքնավստահությունը։
- Կարծում եմ` եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ` ես պետք է թիմ պատրաստեմ, և եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության, և հուսով եմ, որ ինձ հետ այդպես չի պատահի։
- Հավաքականի հետ ժամանել է վնասվածքներով երկու ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Արդյո՞ք դա նրանց ցանկությունն էր` լինել թիմի հետ։
- Դա ֆուտբոլիստների նախաձեռնությունն է եղել։ Մենք էլ ֆեդերացիայի նախագահի հետ, համաձայնել ենք, որ նրանք էլ գան Չեռնոգորիա։ Իմ կարծիքով` դա հոգեբանորեն կարող է օգնել թիմին, և եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի գտնվելու իր թիմին կողքին, ապա դա դրական նշան է։
- Առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո հաղթել է երկու խաղում։ Արդյո՞ք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից։
- Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ` այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են` «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին։
- Էդգար Մալաքյանը վնասվածք ուներ և արդեն ապաքինվում է։ Արդյո՞ք նա լիովին պատրաստ է խաղին, և կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն։
- Այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են այստեղ, լիովին պատրաստ են և առողջ։ Այդ առումով խնդիր չունենք։