|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երեկ Գյումրու ավագանու հերթական նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել էր, որ նախագիծ կներկայացնի ավագանու նիստերից անհարգելի բացակայած` ավագանու 16 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Նա նաև նշել էր, որ այդ նիստում չի ցանկանում օրակարգ մտցնել այս հարցը և հնարավորություն է տալիս նիստերից բացակայած ավագանու անդամներին` ներկայացնելու համապատասխան փաստաթղթեր իրենց բացակայությունները հարգելի որակելու համար:
Yerkir.am-ը Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորած Վարդևան Գրիգորյանից փորձեց ճշտել` արդյո՞ք ԲՀԿ Գյումրու ավագանու անդամները ներկայացնելու են քաղաքապետի նշած փաստաթղթերը և մասնակցելու են նիստերին, թե՞ դադարեցնելու են լիազորությունները:
Գրիգորյանը նշեց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել: «Մյուս նիստը լինելու է սեպտեմբեր ամսին, մենք անպայման որոշում կկայացնենք, թե նոր նստաշրջանի աշխատանքներին ինչ ֆորմատով ենք մասնակցելու: Այս պահին դեռ նման որոշում չկա»,- հայտնեց նա:
Մեր հարցին` ավելի շատ հակված են մանդատները վերցնելո՞ւն, թե՞ դրանցից հրաժարվելուն, քանի որ, ի վերջո, ժողովուրդն է իրենց ընտրել, Գրիգորյանը պատասխանեց, որ իրենց հիմնական բողոքն այն է, որ Սահամանդրությունն ասում է` ժողովուրդն է ձևավորում իշխանությունը, բայց ստացվում է, որ 66% ժողովրդի ձայնն այսօր անտեսվում է: «Մեր բողոքը հիմնականում դրանում է, մենք համապատասխան ատյաններ դիմեցինք, սակայն դիմելուց հետո Սահմանադրական դատարանը որոշումը թողեց նույնը: Երեք կուսակցություններով` ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն և ՀՎԿ-ն, հայտարարություն էինք ստորագրել, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր կորոշենք նիստերին մասնակցելու հետագա ֆորմատը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՎԿ-ն երեկվա նիստին մասնակցել է, արդյո՞ք դա պայմանավորվածության խախտում չէ, Գրիգորյանը նախ պատասխանեց, որ գիտի նրանց մասնակցության մասին, ապա հավելեց. «Սահմանադրական դատարանի որոշումից հետո ամեն մի կուսակցություն ինքնուրույն կարող է որոշում կայացնել: Իրենց գործն է, այդպես են որոշել: Մենք դեռ նման որոշում չունենք»: