Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ շաբաթասկզբին Կիպրոս կատարած այցի ընթացքում այդ կղզի-երկրի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսը հայտարարել էր, թե սխալ է զուգահեռներ անցկացնել արցախյան և կիպրական հիմնախնդիրների միջև: Ըստ նրա ՝ ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, որտեղ նրանք ապրել են միշտ, պայքարել իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել: Կասուլիդեսն այդպիսով փաստացի անուղղակի ոչ միայն ճանաչել է արցախցիների ինքնորոշման իրավունքը, այլև ԼՂՀ-ի անկախությունը, չնայած նրան, որ Նիկոսիան պաշտոնապես ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ավելի բալանսավորված, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի մոտեցումից ածանցվող ստանդարտ դիրքորոշում է հայտնել:
Նրա այս հայտարարությունը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը նախ հիշեցրել է նախկինում որպես ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահող, Կասուլիդես հայտարարել է, թե Նիկոսիան վճռականորեն աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության, ինքիշխանության և քաղաքական անկախության սկզբունքներին: Ապա խոսնակը հավելել է, թե ԼՂ հարցով նրա վերջին հայտարարությունն ուղղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիվ և օկուպացիոն քաղաքականության խրախուսմանը», որը վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորման գործընթացին: Հաջիևը, ի նշան Հյուսիսային Կիպրոսի հետ սոլիդարության, չի զլացել նաև հայտարարել, թե այդ տարածքներում դարեր շարունակ բնակվել են թուրքեր, հետևաբար նրանք ունեն ինքնորոշման իրավունք:
Հաջիևը հակադարձման մոլուցքի մեջ՝ թերևս չի նկատել, որ իրեն ծիծաղելի դրության մեջ է դնում: Բանն այն է, որ պաշտպանելով Կիպրոսում թուրքերի ինքնորոշման իրավունքը՝ նա ակամա պաշտպանում է նաև ացրախցիների նույնպիսի իրավունքը: Սա ոչ միայն զուտ միջազգային իրավունքի նորմերն ընտրողաբար մեկնաբանելու Ադրբեջանի սովորական վարքագիծն է, այլև մասնագիտական դիլետանտիզմի ցցուն դրսևորում: Բայց Հաջիևի այս հիստերիկ արձագանքը հասկանալ կարելի է: Որովհետև իրականում Կիպրոսի արտգործնախարարի հայտարարության տակ Բաքուն ոչ առանց հիմքի տեսնում է իր համար վտանգավոր միտում ունեցող զարգացումների նախազգուշացում:
Խնդիրն այն է, որ Կիպրոսը ԱԳՆ ղեկավարի մակարդակով փաստացի դուրս է գալիս ԼՂ հակամարտության կարգավորման՝ միջազգայնորեն ընդունված ընդհանուր շաբլոնային ձևակերպումների համատեքստից և քայլ կատարում Արցախի սուբյեկտայնությունը ճանաչելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է մի երկրի, որը ոչ միայն ԵՄ անդամ է, այլև մասնակիորեն բռնազավթված է հարևան Թուրքիայի կողմից և որի տարածքի վրա վերջինս արհեստականորեն ինքնակոչ, միջազգայնորեն չճանաչված պետական կազմավորում է ստեղծել՝ ի դեմս այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության: Այսինքն գործ ունենք մի երկրի հետ, որը, թվում է՝ բոլորից ավելի պետք է կառչած լիներ միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքներից մեկից՝ երկրների տարածքային ամբողջականությունից և սուվերենության հարգումից: Մակերեսայնություն կլիներ նման քայլը պայմանավորել միայն հայ-հունական կամ հայ-կիպրական բարեկամական կապերով: Իրական պատճառը անվտանգության այն լրջագույն սպառնալիքներն են, որոնք Կիպրոսը տեսնում է թուրքական և թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականության կոնտեքստում, ինչն էլ Հայաստանին և Կիպրոսին, կամ առհասարակ հունական աշխարհին դարձնում է բնական դաշնակիցներ:
Կիպրոսի արտգործնախարարի հայտարարությունն իր մեջ առայժմ կարծես թե սաղմնային վիճակում գտնվող, բայց շատ կարևոր գործընթաց է նախանշում: Պատահական չպետք է համարել, որ հայտարարությունը հնչել է հենց Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման համատեքստում և նման ձևակերպման հրապարակումը եղել է համաձայնեցված, եհտևաբար և կոնկետր թիրախ ունենալով: Մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Երևանում տված համատեղ ասուլիսում, անդրադառնալով Բաքվին հրադադարի խախտման նախահարձակ գործողության մեջ ուղղակի մեղադրող վերջին հայտարարությանը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր. «...Միգուցե սա (համանախագահների հանդիպումը-հեղ.) բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան, կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»: Նալբանդյանը չի հստակեցրել, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ է հայկական կողմն ակնկալում միջնորդներից: Սակայն այն հանգամանքը, որ Երևանը հայտարարությունների փոխարեն գործողությունների անցնելու անհրաժեշտության հարց է դնում, վկայում է կարգավորման գործընթացում մարտավարության որոշակի փոփոխության նախանշանների մասին:
Այս առումով հատկանշական էր մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությունն այն մասին, որ միջնորդ երկրները դանդաղ, բայց հաստատակամորեն փոխում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի շանտաժային քաղաքականության հանդեպ: Քոչարյանի ակնարկը, թերևս, այն մասին է, որ նախ՝ ՄԽ համանախագահները հրաժարվում են կողմերի միջև հավասարություն դնելով զսպման բացարձակ անարդյունավետ նախկին պրակտիկայից և անցնում Բաքվին կառուցողականությանդ դաշտ բերելու այլ, ավելի կոշտ մեթոդաբանության, և երկրորդ՝ Երևանի նոր մարտավարությունը փոփոխության այդ դինամիկան արագացնելն է: Կիպրոսի արտգործնախարարի այս հայտարարությունը, Հայ Դատի գրասենյակների կողմից նահանգային մակարդակով ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ճանաչման բանաձևերի ընդունման նոր շարժընթացի հաջող ծավալումը, ԱԳՆ-ից վերոնշյալ հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ հայկական կողմը ձգտում է Ադրբեջանին ադեկվատության դաշտ բերել ԼՂ սուբյեկտայնության ճանաչման գործընթացը զարգացնելով կամ այսպես ասած՝ Բավի համար նման սպառնալիք ստեղծելով: Սա առաջնային նպատակը Բաքվին այդ սպառնալիքի ճնշման ներքո շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանզիմների տեղակայմանը համաձայնելուն և բանակցություններում պատերազմի շանտաժի կիրառումից հրաժարեցնելը, այսինքն՝ անորոշ հեռանկարում առկա ստատուս քվոն պահպանելը: Բայց երկրորդային, շատ ավելի կարևոր թիրախը միջազգային հանրության ընկալումներում ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ճանաչումը կամ առնվազն կարգավորումը ինքնորոշման իրավունքի առաջնահերթության վրա տեղափոխելը օրինաչափ և միակ տրամաբանական լուծում դարձնելն է: Ահա թե ինչն է իրականում Բաքվի հիմնական հիստերիայի իրական պատճառը:
Գևորգ Դարբինյան