Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները` մեկ բեմում, բացառիկ ու իր բնույթով եզակի նախագիծ. hունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու-ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ նրա բացառիկ դերին։
«Նախագիծն իր բնույթով, ժանրով շատ բազմաշերտ է: Մենք փորձել ենք այնպիսի ներկայացում ստեղծել, որը բոլորին հասանելի կլինի: Բեմում միախառնվելու է դասական, փոփ, ֆոլկ երաժշտությունը, այսինքն`լսելու ենք երաժշտական առումով շատ հետաքրքիր երանգներ, ստանալու ենք նոր հնչողություն: Ստեղծել ենք պատում, որի հիմքում հայոց պատմությունն է: Որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար օտարազգի մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմությանը, մշակույթին, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս»,- նշում է նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը:
Արաքսյա Մուշեղյանը փաստում է` շոուն գեղեցիկ պատում է հայ ժովորդի ծագման և հավատքի, քաղաքակրթության պատմության մեջ մեր կողմնորոշիչների մասին։ Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, հայ ժողովուրդը շարունակում է ապրել, ստեղծագործել և վայելել կյանքը: «Ամեն» շոուն ազգի վերածննդի մասին պատմություն է: Պատմություն, որը ներկայացվում է վիզուալ էֆեկտների, երաժշտության, պարի լեզվով։
Կազմակերպիչը շեշտում է` ժանրային առումով «Ամենը» նմանօրինակը չունի։ Բեմում ծավալվող պատմությունը կուղեկցվի էկրանին ցուցադրվող վիզուալ պատկերներով և անիմացիայով։
«Մեր ազգը ստեղծել է հետաքրքիր արժեքներ, որոնց մասին գիտեն մարդիկ, ովքեր զբաղվում են պատմությամբ, ուսումնասիրում են մշակույթը: Մենք ուզում ենք այդ ամենը հետաքրքիր ձևով մատուցել այլազգիներին, որպեսզի մարդիկ ցանկանան գալ և տեսնել Հայաստանը: Քանի որ մենք շատ ենք սիրում մեր երկիրը, այս նախագծով ցանկանում ենք վարակել այլ մարդկանց»,- հավելում է նախագծի կոմպոզիտորն ու երաժշտական պրոդյուսերը:
Նշենք, որ, բացի Արաքսյա Մուշեղյանից, «Ամեն»-ի շուրջ է համախմբվել հսկայական պրոֆեսիոնալ թիմ: Լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը (Հայաստան), երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա) և Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը (Հայաստան): Բեմադրող-խորեոգրաֆն է Գրիգոր Խաչատրյանը (Հայաստան): Որպես խորեոգրաֆներ հանդես են գալիս Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը (Հայաստան): Զգեստների դիզայնն իրականացրել է Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ): Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան):
Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ), դասական երգչախումբ («Հովեր» պետական կամերային երգչախումբ ), փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված օպերային կատարողներ։
Նախագծի փորձերն արդեն սկսվել են: Այս պահին բոլոր կոլեկտիվներն առանձին-առանձին փորձեր են կատարում, որոշ ժամանակ անց էլ կկազմակերպվեն փորձեր, որոնց կմասնակցի «Ամեն»-ի ամբողջ կազմը:
«Մեր թիմն ամբողջ օրն աշխատում է, որ արդյունքը լինի շատ բարձր որակի ու շոուն հետաքրքիր լինի հանդիսատեսին: Մեր մեծ ցանկությունն էր ինչ-որ նոր, յուրահատուկ և մնայուն բան ստեղծել: Ուզում ենք, որ հայ հանդիսատեսն առաջինը տեսնի նախագիծը, քանի որ այն ներկայացվելու է նաև այլ երկրներում»,- հավելում է Արաքսյա Մուշեղյանը:
Տեղեկացնենք նաև, որ այս տարվա «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում` հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 000 հանդիսատես: Այնուհետև այն կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն: