Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 12:45
Քաղաքական

Խաղաղությունը միակողմանի ցանկությամբ չի լինում. Արմեն Ռուստամյանը` ՀԱԿ-ի մոտեցման մասին

Խաղաղությունը միակողմանի ցանկությամբ չի լինում. Արմեն Ռուստամյանը` ՀԱԿ-ի մոտեցման մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսին`«Խաղաղություն և բարիդրացիություն», որը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին:

«Մենք նման մոտեցմանը դեմ ենք, որովհետև ՀԱԿ-ը կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է ասի` Հայաստանը մինչև հիմա այդ ի՞նչ չի արել հաշտեցման համար: Ես վստահ եմ, որ այդպիսի խնդիր Հայաստանը չունի, որովհետև մեզանից չի ծագել պատերազմը, մեզանից չեն բխում խախտումները, որոնք ամեն օր լսում ենք ` հրադադարի ռեժիմի, ագրեսիվ պահվածքի ու ռազմական գործողությունների հետ կապված: Երբ նախընտրական շրջանում ենք այս կարգախոսը դիտարկում, սա նշանակում է, որ եթե նրանք գան իշխանության, պետք է նոր բաներ անեն, որը արագ կբերի խաղաղության ու կայունության: Բայց ես Ադրբեջանի պահվածքի հետ կապված մի տարբերակ եմ տեսնում` բավարարել Ադրբեջանի ցանկությունները, որովհետև ուրիշ ձևով հասնել խաղաղության անհնար է: Խաղաղությունը միակողմանի ցանկությամբ չի լինում, դա պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, որը հիմա փակուղու մեջ է Ադրբեջանի պատճառով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանն իր պահվածքի պատճառով անբանակցելի կողմ է դարձել, ծիծաղելի է նրա զիջումը` կարգավիճակի հետ կապված, երբ առաջարկում է ինքնավարության բարձր աստիճան Արցախի համար` մոռանալով, որ մինչև պատերազմ սկսվելը Արցախն արդեն դուրս էր Ադրբեջանի իրավասության դաշտից և ուներ ինքնավարության այդ աստիճանը, ուստի այն, ինչ առաջարկում է Ալիևը, ուղղակի ծիծաղելի է: Ռուստամյանի խոսքով` ըստ էության, Ադրբեջանը ոչ մի զիջման պատրաստ չէ:

«Եթե խաղաղության հեշտ ձև ենք ուզում, դա հանձնվելն է, դե եկեք` հանձնվենք, տանք Ադրբեջանի ուզածը, որ բավարարենք նրա քմահաճույքները»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ժամանակին «Տարածքներ` խաղաղության դիմաց» դիրքորոշման պատճառով է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ այդ մոտեցումը մերժեց ոչ միայն հայ ժողովուրդը, այլև հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը:

Արմեն Ռուստամյանի համոզմամբ` լուծում կարող է լինել բանակցությունների միջոցով, եթե Ադրբեջանն ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը: Պատգամավորի կարծիքով` ՀԱԿ-ի թեզը ավելի շատ դրսի բարեհաճությունը ստանալու խնդիր է լուծում, և եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Ադրբեջանին ուղիղ խոսք հղի` ասելով, որ Ադրբեջանը թող ճանաչի ԼՂՀ անկախությունը, և Հայաստանը պատրաստ է գնալ փոխզիջումների ու խաղաղության, ապա Արմեն Ռուստամյանը դա կողջունի: