Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։
Ներկայացման պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը կոչվում է «Ամեն», քանի որ «Ամեն» նշանակում է` թող այդպես էլ լինի, և նրանք իրենց հեքիաթում աշխարհին ցույց կտան Հայաստանը` որպես մշակութային արժեքներ կրող և պահպանող երկիր։
«Մենք կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի հետ 3 տարուց ավելի զբաղվել ենք նախագծի գաղափարի իրականացման վրա: Ուզում էինք ստեղծել մի նախագիծ, որը թույլ կտար մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմությանը, մշակույթին, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս: Փորձեցինք պատմել մեր պատմությունն այնպես, ինչպես տեսնում և զգում ենք ինքներս: Ուզում էինք մեր` հայ ժողովրդի մասին պատմել երաժշտության միջոցով` պրոֆեսիոնալ երաժշտության միջոցով»,- ասաց Չախմախչյանը:
Նախագիծը, ըստ նրա, պատմում է այն մասին, թե ով ենք մենք` հայերս, ինչ ենք ստեղծել, ինչ ձևով են ապրում: Ներկայացման մեջ կարող ենք տեսնել թե՛ մեր անցած ուղին, թե՛ ժամանակակից հային: «Շոուն ունի միասնական սյուժե, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության հիմնական դրվագները։ Մենք պատմում ենք մեր ծագման և հավատքի, քաղաքակրթության պատմության մեջ մեր կողմնորոշիչների մասին։ Ուզում ենք ասել` չնայած մեր կորուստներին, մենք շարունակել ենք ապրել ու արարել»,- ասաց Չախմախչյանը:
Նախագծի պրոդյուսերը տեղեկացրեց նաև, որ արդեն կան պայմանավորվածություններ` տարբեր երկրներում այն ներկայացնելու համար:
Ի դեպ, ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ, դասական երգչախումբ, փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված հայկական և արևմտյան օպերային կատարողներ։ Բեմում ծավալվող պատմությունը ուղեկցվում է էկրանին ցուցադրվող պատկերներով և անիմացիայով։
«Ամեն»-ի շուրջ է համախմբվել հսկայական պրոֆեսիոնալ թիմ. լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը (Հայաստան), երգերի տեքստերը գրել են Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա) և Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը (Հայաստան): Բեմադրող-խորեոգրաֆն է Գրիգոր Խաչատրյանը (Հայաստան): Որպես խորեոգրաֆներ հանդես են գալիս Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը (Հայաստան): Զգեստների դիզայնն իրականացրել է Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ): Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան):
Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ), դասական երգչախումբ («Հովեր» պետական կամերային երգչախումբ ), փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված օպերային կատարողներ։