կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 16:33
Մշակույթ

«100 մինուս 10». ներկայացում, որը մինչև վերջ բեմադրված չէ

«100 մինուս 10». ներկայացում, որը մինչև վերջ բեմադրված չէ

Հոկտեմբերի 17-ին Թումանյանի անվան տիկինիկային թատրոնում, Փոփոխությունների թատրոնի նախաձեռնությամբ, կցուցադրվի  անվանի արվեստագետ Երվանդ Մանարյանի 90-ամյա հոբելյանին նվիրված «100 մինուս 10» ներկայացումը:

 

Լրագրողների հետ զրույցում Փոփոխությունների թատրոնի տնօրեն Հայկ Սեկոյանը` Մանարյանի թոռը, նշեց, որ վարպետը ոչ միայն ներկա կգտնվի ներկայացմանը, այլ նաև իր անմիջական մասնակցությունը կունենա:

 

«Ավանդական ձևաչափով մեծարման երեկո չի լինելու, քանի որ Մանարյանն էլ իր բնույթով յուրահատուկ մարդ է: Ներկայացման ժամանակ կլինեն նաև նրան ուղղված հարցեր, որոնց մասին ինքը, բնականաբար, տեղյակ չէ: Առաջին անգամ կներկայացվեն պապիկի կյանքից դրվագներ, որոնք մինչ այս չեն հանրայնացվել, հիմնականում` լուսանկարների տեսքով: Լինելու է ներկայացում, որն ամբողջությամբ բեմադրված չէ»,- ասաց Սեկոյանը:

 

Նա նշեց նաև, որ ներկայացման նպատակը ոչ միայն Մանարյանի հոբելյանը տոնելն է, այլև նրա կյանքը, ձեռքբերումները նոր լույսի ներքո, այլ տեսանկյունից ներկայացնելը:

 

Ներկայացման տոմսերը չեն վաճառվելու, մուտքը կլինի հրավիրատոմսերով, սակայն Սեկոյանը հույս հայտնեց, որ իրենք կկարողանան տեղավորել նաեւ նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն ներկա գտնվելու Մանարյանի հոբելյանական ներկայացմանը:

 

Թումանյանի անվան տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ միջոցառումն անցկացվելու է իրենց թատրոնում: Նա հիշեց` 1980-ին, երբ մուտք է գործել թատրոն, հենց Երվանդ Մանարյանն էր թատրոնի գլխավոր ռեժիսորը:

 

«Կյանքում շատերին չես կարող համարել ուսուցիչ, բայց ինձ համար Մանարյանն, իրոք, ուսուցիչ է եղել: Նա այն մարդն է, ով վաստակել է իր իրավունքը` երեխաների հետ նրանց լեզվով խոսելու, քանի որ տարեցները հիմնականում ինչ-որ բան են սովորեցնում երեխաներին, ինչն, այո, կարևոր է, բայց խոսել երեխաների հետ նրանց լեզվով` քչերին է տրվում»,- ասաց Բաբայանը: