Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում ասել էՙ հասունացել է պահը, որ բացահայտ ասվի, որ այս իշխանությունները տապալել են պետական կառավարումը, և օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս ռեժիմը պետությունը գլորում է դեպի անդունդը: Ըստ նրա՝ օր առաջ միջոցներ է պետք ձեռնարկել և կասեցնել այս գահավիժումըՙ հայտնում է Yerkir.am-ը:
- Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ իշխանությունը ժամանակավոր է և շատ շուտով ու շատ անսպասելի հեռանալու է։ Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան քաղաքական գործընթացների վերաբերյալ նման կտրուկ մոտեցումը:
– Միքայել Մինասյանի այս գնահատականը ես կտրուկ չէի համարի: Սա դիագնոզ է, սովորական դիագնոզ: Որքան շուտ հասկանանք, որ սա դիագնոզ է, որքան շուտ հասկանանք, որ այլևս նման կերպ շարունակել հնարավոր չէ, որ պետական ու հանրային կյանքի բացառապես բոլոր ոլորտներն ախտահարված են ու այս հիվանդությունը շատ շուտով սպանելու է ողջ օրգանիզմը, այնքան ավելի շուտ միջոցներ կձեռնարկենք գոնե թե փրկության շանս գտնելու համար: Այո՛, հասունացել է պահը, որ բացահայտ ասվի` Հայաստանի ներկայիս իշխանությունները տապալել են պետական կառավարումը` սկսած ներքին և արտաքին քաղաքականությունից, վերջացրած սոցիալական և անվտանգային հարցերով: Սա տեսնում են բոլորը, և օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս ռեժիմը պետությունը գլորում է դեպի անդունդը: Օր առաջ միջոցներ է պետք ձեռնարկել և կասեցնել այս գահավիժումը:
- Միքայել Մինասյանի գրառմանն արձագանքեցին իշխանության ամենավերին ատյաններից` փորձելով ցույց տալ, թե լուրջ չեն վերաբերվում իշխանությունից զրկվելու պնդումներին: Օրինակ` Միքայել Մինասյանի գրառմանը նման կերպ արձագանքեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու իր տիկինը: Ինչպե՞ս եք բացատրում նման արձագանքները:
– Ամեն ինչ շատ պարզ է: Իշխանության վերին ատյաններում հայտնվածները երբեք չեն մտածել, որ կարող է ինչ-որ մի օր պետական կարևորագույն պաշտոններ ստանձնեն: Բախտի բերմամբ, թե պատահմամբ` այդպես ստացվեց, իրենք իշխանության հասան: Հիմա այս մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց պետական միջոցների հաշվին շքեղ առանձնատների, մեքենաների, ինքնաթիռ-ուղղաթիռների և արտասահմանյան անիմաստ ու անպտուղ, զուտ տուրիստական բնույթ կրող շրջագայությունների: Իրենք շատ լավ հասկանում են, որ այլ հավասար պայմաններում, կամ ինչպես ասում են` քաղաքական մրցակցության պայմաններում ինչպես իրենց ողջ գիտակցական կյանքում մրցունակ չեն եղել, այդպես էլ շարունակում են անմրցունակ լինել: Իրենց համար գիշերային վախենալու երազ է այն պահը, որ իշխանություն այլևս չեն ունենալու, ուստի և սարսփահար են լինում, երբ բախվում են իրականությանը: Իսկ իրականության մասին գիտեն բոլորը` կա մի կողմից օրեցօր հիասթափվող և հուսախաբ եղած ժողովուրդ, մյուս կողմից` ահռելի քանակով չլուծված ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներ, սոցիալական և անվտանգային խնդիրներ, որոնք բախում են այս մարդկանց դուռը, իսկ իրենք դրանց լուծման ո՛չ գիտելիքներ, ո՛չ պատկերացումներ, ո՛չ էլ` առավել ևս, ցանկություններ ունեն: Իրենցը ոչինչ չանելը, բայց հարկատուի գումարներով շքեղ ապրելն է: Իրենցը ոչինչ չանելը, բայց ուրիշի արածին պոզ ու պոչ կպցնելն է, շառով տալն է, զրպարտելն է, գործ կարելն է: Իրենց ուղղակի պետք է մաղթել, որ շարունակեն նույն ոճով` ցույց տան, թե չեն նկատում, որ իրենք այլևս քաղաքականապես գոյություն չունեն: Թող ցույց տան, թե չեն նկատում, որ իրենց վաղուց այլևս չեն հարգում ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում: Թող ցույց տան, որ չեն նկատում, թե ինչպես է գեներացվում հուսախաբ եղած ժողովրդի ատելությունն իրեն ամեն օր ստերով կերակրող իշխանության հանդեպ: Թող ցույց տան, որ չեն նկատում, թե ինչպես է ամեն օր, ամեն ժամ ակնհայտ դառնում, որ այս ռեժիմը վերածվել է տափաստանից երկիր ներխուժած քոչվոր նվաճողների օտար լծի, որոնք ամեն ինչ անում են պետական ու ազգային ինստիտուտները ոչնչացնելու և երկիրն ավարառելու մասին: Թող ցույց տան, որ չեն նկատում, թե ինչպես է հասունացման վերջին փուլ հասել կարծիքը, որ օր առաջ պետք է ազատագրվել անգրագետների և դիլետանտ-կոռուպցիոներների այս իշխանությունից: