Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռ լինելու է հանրահավաքային նոր ալիք. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` կապված այն հարցի հետ, որ Շանթ Հարությունյանի կազմակերպածը ընդդիմության` իր ակտիվությունը կորցնելու հետեւանք էր: Նա շեշտեց, որ իրական ընդդիմությունը երբեք իր ակտիվությունը չի կորցրել:
«Մենք ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ ակտիվ հանրահավաքներ չեն եղել, բայց դա չի խանգարել, որ, երբ գործընթացները զարգացել են, մենք ունենանք այնպիսի հզոր հանրահավաք, ինչպիսին 2012 թվականի մարտի 17-ի հանրահավաքն էր, որը, կարող եմ ասել, ՀՀ պատմության մեջ եղած ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկն էր: Ուղղակի երեւի մենք վատ ենք սովորեցրել մարդկանց, եւ նրանք բազմահազարանոց հանրահավաքներ են սպասում ընդդիմությունից: Նոր հանրահավաքներ կլինեն: Ես վստահ եմ, որ լինելու է հանրահավաքային նոր ալիք, քանի որ Սերժ Սարգսյանն այլեւս որեւէ քայլ չունի անելու»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե Շանթ Հարությունյանի հարուցած աշխուժությունը կարո՞ղ է առիթ հանդիսանալ Հայ ազգային կոնգրեսի համար, որպեսզի գործողություններն ակտիվացնի, եւ հնարավո՞ր է, որ Շանթ Հարությունյանի գործողությունների արդյունքում ոստիկանությունը փորձի ճնշել քաղաքացիական ակտիվությունը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, թե հիմնական մտավախություն այն էր, որ ինչ-որ անձանց ծայրահեղական գործունեությունը կարող է ոստիկանության կողմից օգտագործվել որպես քաղաքացիական ակտիվությունը ճնշելու պատրվակ: Իսկ առիթն օգտագործելու հարցին պատասխանեց, թե ՀԱԿ-ը երբեք առիթ օգտագործող չի եղել ու երբեք չի կազմակերպել հանրահավաք` ինչ-որ առիթի համընկնելու համար:
«Քաղաքական գործընթացը հասունանում է: Ճշգրիտ ասել, թե մենք պատրաստ ենք հենց հիմա դուրս գալ հանրահավաքի, չեմ կարող, բայց մենք մեր ձեռքը պահում ենք քաղաքական պուլսի վրա, եւ հենց տեսնենք, որ իրավիճակը հասունացել է, որ ինչ-որ գործընթացներ կարող են հաջողության հասնել, մենք որոշակի գործողությունների կդիմենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: